Էն վսեմ ժամին – երբ ազգի սրբազնագույն էներգիան զարկում է երկինք, խոսում է մեծերի ու սրբերի հետ, ապա շրջապտույտով իջնում ցած, մաքրում հոգիները, շիկացնում գենի պարույրները, հազարավոր հոգիներ սկսում են լույս տալ - և եղբայրության սարսուռը ցնցում է մեզ, մենք դառնում ենք ՄԵԿ ու ՄԻԱԿԱՄ: Շնորհակալություն մեր երիտասարդությանը, այդ ակնթարթը պարգևեց մեզ:

Էն անկման ժամին ազգային էներգիան պատռվում է, փլվում է մեր երկինքը – կապարագույն կտորներով: Եվ գենի կրակը շիջվում է, լույսը մարում է – մենք դառնում ենք մանրախնդիր զանգված, մոռանում ենք երեկվա ցնցումը, վերադառնում ենք մեր կացարանները՝ ճորտի մի կտոր հացը ուտելու համար:

Եվ արդ, ո՛վ վսեմացած ու ժամ հետո նսեմացած ժողովուրդ, պիտի հարցնես քեզ – ի՞նչ անեմ, որ երկինքս չփլվի և չմարի սրբազնագույն կրակը: Պատասխանը կասեմ քեզ – սրտի երկունքով եմ ձեռք բերել: Երբ հաջորդ անգամ կրակը կզարկի երկինք, կանչիր մի քանի կոչվածի, որ սրբորեն հայկական լանդշաֆթի վրա մի խարույկ վառեն՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՎԱՏԻ խարույկը, և նա կսնի քո արթնացումը: Վայել չէ մի ժողովրդի՝ իր ավյունն առնել միայն երիտասարդության վերելքից և խեղճաբար սպասել, թե իր անփորձ զավակները ինչպես են քաշելու իր հոգսը; Սա կշտամբանք է, որի առաջին հասցեատերը ես եմ… Ինձ կշտամբեմ, որ խոսքս հասնի հազվադեպ արթուններին և արիներին:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

11 հուլիսի 2015թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել