Վարդավառին հաջորդող երկուշաբթին՝ մեռելոցը, հայտարարվել է ոչ աշխատանքային: Եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային հայտարարելու վերաբերյալ որոշումները լայն արձագանք են գտնում:
Այս հարցի շուրջ քննարկումների ժամանակ հասարակական կարծիքը բաժանվում է. ոմանք դեմ են լինում շաբաթվա գրաֆիկը խախտելուն, ոմանք էլ ցանկանում են այցելել հանգուցյալների շիրիմներին:
Տարբերվում են նաև եկեղեցու և գործարարների կարծիքները: Եկեղեցու սպասավորները մշտապես կողմ են արտահայտվում տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային հայտարարելուն: Վերջին տարիներին եկեղեցու սպասավորները պարբերաբար հայտարարում են, թե եկեղեցական տոներին հավատացյալները չպետք է այցելեն հանգուցյալների շիրիմներին:
Այսպիսով, մեռելոցը ոչ աշխատանքային օր հայտարարելը արդարացված է, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինուն կիրակի օրը այցելել իրենց հարազատների գերեզմաններին: Մյուս կողմից, սակայն, դժգոհում են գործարարները, նշելով, թե տարվա մեջ 5 ոչ աշխատանքային օր հայտարարելու արդյունքում իրենք ֆինանսական վնասներ են կրում ու դժվարություններ են ունենում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում նշել է, թե կիսում է տնտեսվարողների մտահոգությունները և հանձնարարել է Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու նպատակով:
Հատկանշական է, որ ԴԱՀԿ ծառայությանը, Կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանն առաջարկվել է հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը, ինչը քաղաքացիներին կազատի ավելորդ դժվարություններից:
Առաջարկ է եղել նաև Կենտրոնական բանկին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:
Նշենք, որ հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել է հուլիսի 18-ը` շաբաթ օր: