ՄԻԱԿ քարտուղար |
Ես ծառայել եմ բանակում և մեծ հպարտությամբ եմ արձանագրում այդ փաստը: Կարծում եմ, որ դա իմ կենսագրության առավել նշանակալի ձեռքբերումներից է: Մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր հղում են անում այս փաստին: Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր տարբեր հիմնավոր պատճառներով (հիվանդության, գիտամանկավարժական գործունեություն և այլն) չեն ծառայել, պետք է արժանանան հասարակական պարսավանքի և իրենցը չհամարեն մեր բանակի հաջողությունները կամ չխոսեն այն խնդիրների մասին, որոնք առկա են այնտեղ: Ես գտնում եմ, որ նման մոտեցումը որևէ պարագայում արդարացված չէ: Ի վերջո, այդ մարդիկ նույնպես շատ սրտացավ են ու բոլորովին անտարբեր չեն բանակային իրողությունների նկատմամբ:
Հետաքրքիր մի տենդենց էլ է այս հարթության վրա ուրվագծվում: Եթե չես ծառայել, բայց քննադատում ես, ապա ոչ ոք չի հարցնում՝ ծառայել ես բանակում, թե ոչ, բայց եթե դրական լույսի ներքո ես ներկայացնում այն, սկսում են թմբկահարել չծառայելու փաստը: Այս երկակի ստանդարտները հաճախ չեն նպաստում բանակի վերաբերյալ առողջ ու կառուցողական քննարկումների ծավալմանը և ակամայից դրանք որոշ ոչ խոհեմ գործիչների գործուն միջամտությամբ տեղափոխվում են քաղաքական շահարկումների տիրույթ, ինչը միանշանակ մերժելի է: Հետևաբար առաջարկում եմ զերծ մնալ այսօրինակ հղումներից ու խորապես չգիտակցված դիրքորոշումներից....
Իսկ բանակում և բանակին ծառայելը միշտ պետք է լինի մեր բոլորի պարտքն ու արժանապատվության առհավատչյան...