Araratnews.am-ը գրում է.
Վերջին տարիներին շաքարային դիաբետով հիվանդների թիվը հանրապետությունում կրկնապատկվել է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը:
«Հիվանդության առաջացման պատճառներից առաջին հերթին ժառանգականությունն է, երկրորդը` ճարպակալումը: Երիտասարդների 30-40%-ը գիրացման միտում ունի: Պատճառ կարող են հանդիասանալ նաև սիրտ-անոթային հիվանդությունները և մեր ապրելակերպը»,- ասաց նա:
Ըստ պաշտոնական տվյալների` ներկայում շաքարային դիաբետով 454 երեխա է գրանցված: Այսօր բոլոր այն հիվանդները, որոնց անհրաժեշտ է ինսուլին, ապահովված են դրանով: Արդեն երեք տարի է` ինչ գործում է ծրագիրը: Ինչ վերաբերում է երկրորդ տիպի` 85 տոկոսը կազմող թիվ երկու շաքարային դիաբետը, երբ մենք ունենում ենք ինսուլինի անբավարարություն: Նման հիվանդները ՀՀ-ում 66 հազար են, որոնց ապահովել հակադիաբետիկ դեղերով դեռևս չի հաջողվում: Սակայն մոտ ապագայում սպասվում է, որ համապատասխան ծրագիր ևս կներդրվի:
Բժշկի հավաստմամբ` բազմաթիվ են հիվանդներն, ովքեր դեռևս տեղյակ չեն իրենց հիվանդության մասին կամ թաքցնում, անուշադրության են մատնում, ինքնաբուժությամբ զբաղվում:
«Մեկ գրանցված հիվանդին զուգահեռ կա նաև այնպիսինն, ով դեռևս տեղյակ չէ իր հիվանդության մասին և գրանցված չէ: Կանխարգելիչ միջոցառումներից ամենաառաջինը տարին երկու անգամ շաքարի քանակությունը արյան մեջ ստուգելն է: Շատ հաճախ շաքարային դիաբետը բացահայտվում է այլ հիվանդությունների ի հայտ գալուց հետո: Նման հիվանդները կազմում են 30 %»,- նշեց նա և հավելեց, որ «Արմենիա» ԲԿ-ում գրանցված հիվանդների մեծ մասը կանայք են:
Էդվարդ Թորոմանյանը խորհուրդ տվեց կանխարգելումը սկսել առողջ սնունդ օգտագործելով:
«Ցավոք, մեր ազգային խոհանոցի սնունդները բավական յուղոտ են, ինչը բավական դժվարացնում է իրավիճակը: Կարևոր է նաև ֆասթֆուդի հանգամանքը, որն այսօր ամենաշատն է օգտագործվում մարդկանց կողմից: Կարևոր է հիպոդինամիան, ժամանակակից աշխարհում մարդիկ քիչ են շարժվում»,- ասաց նա:
Կեռաս, ծիրան, խաղող, թութ. այս մրգերի մեջ ամենաշատն է գլյուկոզա պարունակում: Հիվանդներին այս մրգերն օգտագործել թույլատրվում է, սակայն՝ քիչ քանակությամբ: