2015 թ. հուլիսի 7-9 տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Մեծ Բրիտանիա: Պատիվ ունեցա մասնակցելու այդ այցին՝ որպես ՀՀ ԱԺ պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար:

Ու քանի որ քաջատեղյակ եմ այցի մանրամասներին ու հետևել եմ այցի վերաբերյալ հրապարակումներին ու վերլուծություններին, կուզենայի մի քանի կետով տեղեկատվություն և պարզաբանումներ տալ մեր գործընկերներին, լրագրողներին և վերլուծաբանններին, որպեսզի մերոնք լավագույնս տեղեկացված ու զինված լինեն հատկապես այս այցի հետ կապված ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակումներին հակազդելու համար:

Եվ այսպես, այո, այցը պաշտոնական չէր և չէր էլ կարող այդպիսին լինել այն պարզ պատճառով, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչել ԼՂՀ անկախությունը և չունի Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ: Այստեղ, սակայն, կարևոր է իմանալ, որ նույնիսկ տասնամյակներ առաջ միջազգային հանրության կողմից ճանաչված պետությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները չափազանց հազվադեպ են հրավիրվում Լոնդոն պաշտոնական այցերով: Այդպիսին է այդ երկրի դիվանագիտական պրակտիկան, և ո՛չ ՀՀ-ի, ո՛չ ԼՂՀ-ի նկատմամբ բրիտանացիների վերաբերմունքը դրա հետ կապ չունեն: 
Օրինակի համար՝ ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը 24 տարվա ընթացքում մեկ-երկու պաշտոնական այց են ունեցել Լոնդոն, մյուս այցերը եղել են մասնավոր, թեև պաշտոնական հանդիպումներ եղել են: Նույն վիճակագրությունն է Ադրբեջանի դեպքում: Դեռ ավելին, կան աշխարհի բազմաթիվ ճանաչված երկրներ, որոնց պաշտոնական ներկայացուցիչները կերազեին գոնե մասնավոր այցով լինել Լոնդոնում: Չճանաչվածների մասին անգամ կարելի է լռել:

Երկրորդ, որքան էլ մեր բաքվեցի «բարեկամները» փորձում են իրենք իրենց համոզել, որ Արցախի նախագահը Լոնդոնում գտնվում էր որպես սովորական զբոսաշրջիկ, չեն կարողանում բացատրություն գտնել, թե ինչպես է սովորական զբոսաշրջիկը, որը Մեծ Բրիտանիա է այցելել տուրիստական վիզայով, հաջողացրել հրավեր ստանալ ոչ ավել, ոչ պակաս Միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտից (Chatham House) և ոչ ավել, ոչ պակաս Լորդերի պալատից ելույթներով հանդես գալու համար: Եվ ինչպես է ստացվել, որ այդ ելույթները լսելու համար ներկայացել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ ու վերլուծաբաններ և բազմաթիվ հարցեր ուղղել ԼՂՀ նախագահին: Ովքեր հասկանում են, թե ինչպիսի քաղաքական և դիվանագիտական հարթակների մասին է խոսքը, միայն քմծիծաղով կարող են վերաբերվել այն հայտարարություններին, թե դա Chatham House-ում կամ Լորդերի պալատում թաքնված հայկական լոբբիստների գործն է, ու պաշտոնական Լոնդոնն այդ հրավերների հետ կապ չունի:

Եվ վերջապես, խոսվում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն լարված հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, և Արևմուտքը, Արցախի նախագահի այցը Լոնդոն կազմակերպելով, պատժում է Ադրբեջանին: Միգուցե և այդպես է, թող պատժի, մենք դեմ չենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել