Վարսերը կնոջ արտաքին գրավչության կարևոր բաղադրիչն են: Որոշ կանայք հղիության ընթացքում չեն կտրում և ներկում վարսերը սնահավատության պատճառով: Բացի այդ, հղիության ընթացքում մազերը նույնպես փոփոխությունների են ենթարկվում. հղիության առաջին ամիսներին արագորեն աճում են շնորհիվ էստրոգեն հորմոնի ազդեցության: Եթե նախկինում չէիք ներկում Ձեր վարսերը, ապա հղիությունը փորձարկումների լավագույն ժամանակահատվածը չէ: Վարսերը ներկելու հարցը դառնում է բազմանշանակ, որովհետև կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն կնոջ, այլև ապագա փոքրիկի վրա: Այս շրջանում սրվում է հոտառությունն ու մաշկի զգայունությունը: Ներկերում պարունակվող քիմիական բաղադրիչները կարող են ալերգիա առաջացնել, եթե նույնիսկ նախկինում այդպես չի եղել: Այդ քիմիական միացությունների թունավոր և քաղցկեղածին հատկություններն ուսումնասիրվել են մի քանի համալսարաններում և քաղցկեղի հետազոտման կենտրոններում: Ներկերի օգտագործումից քաղցկեղի առաջացման վտանգն ավելանում է երեք անգամ: Ներկը պարունակում է թունավոր նյութեր, որոնք թափանցում են օրգանիզմ մաշկի և շնչառական ուղիների միջոցով:
Ի՞նչ ներկ ընտրել
Իհարկե, ավելի լավ կլինի օգտագործել բնական ներկանյութեր կամ այնպիսիք, որոնք ներկելու ընթացքում չեն արտադրում թունավոր նյութեր (երանգ հաղորդող շամպուններ և բալզամներ): Այժմ տեսնենք, թե որոնք են այդ վտանգավոր նյութերը։
Ջրածնի պերօքսիդ։ Կիրառվում է վարսերը գունաթափելու համար: Կարող է գրգռել քթի, աչքերի լորձաթաղանթը:
Ռեզորցինոլ։ Կարող է առաջացնել իմունային համակարգի խանգարումներ, թունավոր ազդեցություն ունենալ մաշկի վրա: Կարող է ներկելուց հետո գլխամաշկին հետքեր թողնել:
Պարաֆենիլէնդիամին։ Կայունացուցիչ է, ամրապնդում է ներկման ազդեցությունը: Կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա: Որոշ երկրներում այն արգելված է: Դրա խտությունը չպետք է գերազանցի 6%ը: Առավելագույն խտությամբ պարունակվում է մուգ գույներում, իսկ բաց երանգներով ներկերում՝ մինչև 2%:
Ամոնիակ՝ խիստ թունավոր նյութ, որը կարող է առաջացնել աչքերի լորձաթաղանթի և շնչառական ուղիների գրգռում: Մեծ խտությամբ ներշնչելուց կարող է առաջացնել թոքերի թունավոր այտուց և նյարդային համակարգի ծանր ախտահարում: Վարսերը ներկելիս ամոնիակն ունի ինչպես կուտիկուլան (նրբամաշկը), այնպես էլ մաշկի ծակոտիները բացելու հատկություն: Դրանց միջոցով էլ տեղի է ունենում թունավոր նյութերի ներթափանցում օրգանիզմ: Առանց ամոնիակի պարունակության ներկերը պակաս վտանգավոր չեն, քանի որ պարունակում են ամոնիակի փոխարինիչներ:
Նաև պետք է հաշվի առնել, որ հղի կնոջ օրգանիզմում տեղի են ունենում հորմոնային խիստ փոփոխություններ, որոնք նաև ազդում են վարսերի կառուցվածքի վրա: Այդ ընթացքում ներկելը կարող է անկանխատեսելի արդյունքերի հանգեցնել․ ներկը կարող է լավ չմնալ վարսերի վրա, գունաթափող նյութը կարող է վարսերին մանուշակագույն երանգ հաղորդել և այլն: Վարսերին մուգ գույն հաղորդելու համար ավելի խելամիտ է ընտրել բնական ներկանյութեր: Գոյություն ունի օրգանական ներկում, որն իրականացվում է 95100% բնական բաղադրիչներ պարունակող ներկերով: Դրանք հիմնականում հանդիպում են թանկարժեք սրահներում: Բացի այդ, կարելի է օգտվել ավանդական հինայից, բասմայից կամ դրանց խառնուրդից: Հինան հակացուցումներ չունի: Այն հիպոալերգիկ է: Հղիության և կրծքով կերակրման շրջանում վարսերը հինայով ներկելու անվտանգությունը հաստատված է բժիշկների կողմից:
Մի քանի խորհուրդ
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք ներկել վարսերը քիմիական ներկով, ապա փորձեք հետևել որոշ կանոնների։
Խուսափեք ներկել վարսերը հղիության առաջին եռամսյակում, երբ պտղի օրգանները նոր են ձևավորվում: Վարսերի շերտաներկումը հնարավորություն կտա խուսափել ներկի՝ գլխամաշկի հետ շփումից:
Ավելի լավ է վարսերը ներկել մոտ երանգներով, որպեսզի հետագայում այդ գործընթացն իրականացվի ոչ հաճախակի: Անհրաժեշտ է լավ օդափոխել սենյակը և ներկելիս կրել դիմակ:
Հակացուցումներ
Ներկը կիրառելուց առաջ անհրաժեշտ է անցկացնել ալերգիայի վտանգը որոշող թեստ, քանի որ, ինչպես արդեն նշվել է, հղիության ընթացքում ալերգիկ ռեակցիա կարող է առաջանալ, եթե նույնիսկ նախկինում երբեք այդպես չի եղել:
Եթե կինն ունի գեստոզ, ապա ավելի լավ է հրաժարվել ներկումից: Ի՞նչ վտանգներ ունի պերմանենտը (վարսերի քիմիական գանգրացում, ուղղում)։ Հորմոնային փոփոխությունների պատճառով սա կարող է ունենալ կարճաժամկետ արդյունք կամ առհասարակ կարող է չազդել: Պերմանենտը կարող է վտանգավոր լինել պտղի զարգացման համար, քանի որ պարունակում է քիմիական լուծույթներ, որոնք, շփվելով գլխամաշկի հետ, ներթափանցում են արյունատար անոթներ: Այս գործընթացն ավելի լավ է իրականացնել երեխայի ծնվելուց հետո: Ի վերջո, յուրաքանչյուր կին ինքն է որոշում՝ ինչպես և ինչ նյութեր կիրառի վարսերի համար, սակայն պետք է հաշվի առնել, որ խնամված և գրավիչ տեսք ունենալու ձգտումը չպետք է վնասի փոքրիկին: Ապագա մայրիկներն իրենց որոշումները պետք է ընդունեն՝ առաջնորդվելով իրենց զգացողություններով, բայց և հաշվի առնելով մասնագետների ու բժշկի խորհուրդները: