Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց 2012 թվականի իր վերջին պաշտոնական հանդիպումը՝ ընկերական խաղում հյուրընկալելով Լիտվայի ազգային հավաքականին: Սակայն հայ ֆուտբոլասերների համար ոչ միայն կարևոր էր, որ Հայաստանի ազգային հավաքականն է հանդիպում անցկացնում, այլ նաև այն հանգամանքը, որ այս հանդիպումը վերջինն էր Սարգիս Հովսեփյանի համար՝ որպես ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականի ավագ:
Երկու թիմերի կազմերում էլ կային կորուստներ, սակայն, իհարկե, ամենալուրջը հայերի կորուստն էր, քանի որ վնասվածքի պատճառով այս հանդիպմանը չէր կարող մասնակցել մեր հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը: Հարձակվողի հարցը շատ լուրջ խնդիր էր հայերի համար: Իսկ երբ հանդիպումը մեկնարկեց, պարզ դարձավ, որ առաջ քաշված հարձակվողի պարտականությունները կատարելու է Եկատիրինբուրգի «Ուրալի» հիմնական կազմում տեղ նվաճած Էդգար Մանուչարյանը: Այժմ անդրադառնանք հանդիպմանը:
Հանդիպումը մեկնարկեց և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հենց խաղի սկզբում սկսեցին ակտիվություն ցուցաբերել ու ապացուցել, որ անգամ հարձակման առաջատարի բացակայության պայմաններում, ցուցադրելու են հարձակողական ֆուտբոլ: Երբ եկավ հանդիպման 4-րդ րոպեն տեղի ունեցավ երեկոյի գլխավոր իրադարձությունը:

 

Մեր արդեն նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը

 

Սարգիս Հովսեփյանը ավագի թևկապը հանձնեց իր բազմամյա խաղընկերոջը` Ռոման Բերեզովսկուն, և գրկախառնվելով վերջինիս հետ՝ հոտնկայս ծափահարությունների ներքո լքեց խաղադաշտը: Իրենց նախկին թիմի ավագ խաղընկերոջը և ներկայիս հավաքականի տնօրենին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հիանալի նվեր մատուցեցին՝ արժանիորեն հաղթելով Լիտվայի ընտրանուն: Հաղթանակի սկիզբը դրվեց հանդիպման 7-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը, ձախ եզրով ներխուժելով լիտվացիների տուգանային հրապարակ, հիանալի փոխանցում կատարեց դեպի Էդգար Մանուչարյանը, որն էլ կարողացավ դիպուկ հարվածով բացել հանդիպման հաշիվը: Գոլ խփելուց հետո հանդիպման 12-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում Մանուչարյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը, իսկ 14-րդ րոպեին էլ փոխարինվեց Դավիթ Մանոյանով: Այս պարագայում առաջ քաշված հարձակվողի պարտականությունները սկսեց կատարել Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստ Մարկոս Պիներյո Պիցելին: Առաջին խաղակեսում այլևս լուրջ իրադարձություններ տեղի չունեցան, և թիմերը գնացին ընդմիջման, երբ հանդիպման հաշիվը 1:0 էր հայերի օգտին: Ընդմիջման ժամանակ էլ տեղի ունեցավ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

 

Ոսկե մեդալներ Սարգիս Հովսեփյանին Երևանի քաղաքապետի կողմից

 

Առաջին խաղակեսի ընթացքից ոչ ոք չէր սպասում իրադարձությունների նման զարգացման 2-րդ խաղակեսում, քանի որ ի տարբերություն առաջին խաղակեսի 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 5 գոլ: Հանդիպման 50-րդ րոպեին գրանցվեց հանդիպման 2-րդ գոլը, և նորից գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում: Հենրիխ Մխիթարյանը, հիանալի իրացնելով իր իսկ վաստակած տուգանային հարվածը վտանգավոր գոտում, գնդակը հետ մղվեց դարպասաձողից, և խառնաշփոթ իրավիճակում կարողացավ արագ և ճիշտ կողմնորոշվել Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը և կրկնապատկել հայերի առավելությունը: Սա լուրջ հայտ էր հաղթանակի համար, բայց հայերը ձեռք բերածով չբավարարվեցին, և չանցած 5 րոպե հանդիպման 55-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ստանալով գնդակը, պատ խաղարկեց Արաս Օզբիլիսի հետ և ներխուժելով տուգանային հրապարակ՝  հաշիվը դարձրեց 3:0 հօգուտ հայերի: Հայերի ցուցադրած գրավիչ ֆուտբոլը ստիպում էր ֆուտբոլասերներին հավատալ էլ ավելի խոշոր հաշիվ գրանցելու հանգամանքին: Սակայն հանդիպման 65-րդ րոպեին ձախ եզրից հյուրերի կիսապաշտպան Արթուրաս Ռիմկեվիչյուսը կարողացավ դառնալ շատ գեղեցիկ գոլի հեղինակ և հաշիվը դարձրեց 3:1: Բայց այս գոլից էլ չընկճվեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, և հանդիպման 71-րդ րոպեին էլ մրցակցի խփած գեղեցիկ գոլին շատ գեղեցիկ գոլով պատասխանեց և գնդակը դարպասապահի գլխավերևով լիտվացիների դարպասն ուղարկեց Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի հավաքականի աջ եզրային հարձակվող Արազ Օզբիլիսը: Ի դեպ, Օզբիլիսը շատ արդյունավետ խաղ է ցուցադրում նաև «Կուբանի» կազմում և Ռուսաստանի պրեմիեր լիգայի վերջին 2 տուրերի շրջանակներում 2 անգամ գրավել է մրցակիցների դարպասը 11 մետրանոց հարվածից: Շնորհիվ Օզբիլիսի խփած գոլի հայերը նորից ստացան 3 գնդակի առավելություն և նորից հաղթում էին խոշոր հաշվով: Բայց հյուրերը` Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստները, ցուցադրեցին կամք և ամեն ինչ արեցին, որպեսզի խոշոր հաշվով պարտություն չկրեն: Այդ հաջողվեց հյուրերին մեր պաշտպանների անփույթ խաղի արդյունքում: Խաղի 80-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը իր իսկ տուգանային հրապարակում փորձեց խաբս տալ լիտվացի հարձակվողներին, բայց կորցրեց գնդակը և ստիպված եղավ խախտել խաղի կանոնները, իսկ մրցավարն էլ առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոց նշակետը: Հյուրերի ֆուտբոլիստ Ռիմկավիչյուսը մոտեցավ գնդակին և չվրիպեց նպաստավոր իրավիճակից ձևակերպելով «դուբլ». հաշիվը դարձրեց 4:2: Հանդիպման ընթացքում այլևս նոր գոլեր և լուրջ իրադարձություններ չարձանագրվեցին, և Հայաստանի ազգային հավաքականը 4:2 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Լիտվայի ազգային ընտրանու նկատմամբ: 
Ամփոփելով հանդիպումը՝ կարելի է ասել, որ Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր լավագույն հանդիպումներից մեկը և կարողացավ հոյակապ հաղթանակ տոնել Լիտվայի հավաքականի նկատմամբ: Ինչպես նաև իրենց հիանալի խաղով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան տալ արժանի հրաժեշտ մեր երկարամյա ավագին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել