Բաղադրությունը`
Բիսկվիթի համար՝
Շաքարավազ՝ 180 գրամ
Ալյուր՝ 130 գրամ
Կակաո՝ 2 ճաշի գդալ
Ձու՝ 4 հատ
Վանիլին՝ 1/2 թեյի գդալ
Հաղարջով օշարակի համար՝
Սև հաղարջ՝ 150 գրամ
Շաքարավազ՝ 90 գրամ
Ջուր՝ 50 մլ
Իտալական սերուցքային կրեմի համար՝
3 ձվի սպիտակուց
Շաքարավազ՝ 140 գրամ
Ջուր՝ 45 մլ
Կարագ՝ 400 գրամ
Մասկարպոնեով կրեմի համար՝
Մասկարպոնե՝ 300 գրամ
Շոկոլադ՝ 150 գրամ
Պատրաստման եղանակը՝
1.Պատրաստում ենք բիսկվիթը: Դրա համար առանձնացնում ենք ձվի սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները հարում ենք շաքարավազի կեսի հետ մինչև փափուկ փրփուրի առաջացումը: Այնուհետև հարում ենք դեղնուցները շաքարավազի մնացած մասի հետ մինչև վերջինիս սպիտակելը և ծավալով ավելանալը: Զգուշությամբ խառնում ենք հարված սպիտակուցն ու դեղնուցը՝ աստիճանաբար ավելացնելով նախապես իրար խառնած և մաղված կակաոն և ալյուրը, ապա վանիլինը: Խառնում ենք խմորը վերևից ներքև շատ զգույշ:
Լցնում ենք խմորը պերգամենտային թղթով պատված ձևամանի մեջ և եփում 30 րոպե 180 աստիճանում:
2.Հաղարջը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարավազը և ջուրը: Եփում ենք կրակի վրա մոտ 5 րոպե մինչև եռալը, ապա թողնում՝ սառչի: Օշարակի միջից հանում ենք հաղարջի պտուղները, իսկ օշարակի վրա ավելացնում մի քիչ եռացրած ջուր, որպեսզի հետագայում օգտագործենք բիսկվիթը ներծծելու համար:
3.Պատրաստում ենք սերուցքային կրեմը: 75 գր շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, իսկ շաքարավազի մնացած մասը հարում սպիտակուցների հետ մինչև փափուկ փրփուրի առաջացումը:
Շաքարավազով կաթսան դնում ենք միջին կրակի վրա, եռացնում և եփում: Օշարակի պատրաստ լինելը ստուգելու համար սառը ջրով լցված ամանի մեջ կաթացնում ենք 1 կաթիլ օշարակ: Այն պետք է արագ սառչի և վերածվի փափուկ գնդիկի:
Շարունակում ենք հարել սպիտակուցները և վրան անմիջապես ավելացնում ենք օշարակը: Հարում ենք մինչև պինդ և փայլուն փրփուրի առաջացումը, որից հետո ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, կրկին հարում:
4.Պատրաստում ենք մասկարպոնեով շոկոլադե կրեմը: Դրա համար հարում ենք մասկարպոնեն, ապա ավելացնում հալեցրած շոկոլադը: Պետք է ստացվի միատարր և փայլուն շոկոլադե կրեմ:
5.Երկու տեսակի կրեմը առանձին լցնում ենք հրուշակեղենի պարկերի մեջ: Պատրաստի բիսկվիթը բաժանում ենք 3 շերտի:
Սկսում ենք հավաքել տորթը: Դրա համար բիսվիթի առաջին շերտը դնում ենք մեծ ափսեի վրա, վրան շաղ տալիս հաղարջից մնացած օշարակը, ապա օղակաձև լցնում կրեմները նկարում ցույց տրված ձևով: 2 տեսակի կրեմի բաժանման հատվածում շարում ենք հաղարջի հատիկները: Այնուհետև դնում ենք բիսվիթի երկրորդ շերտը և կատարում նույն գործողությունները: Տորթը ծածկում ենք բիսկվիթի երրորդ շերտով, վրան շաղ տալիս օշարակի մնացած մասը:
Տորթի կողքերը պատում ենք սպիտակ սերուցքային կրեմով, իսկ վրան քսում շոկոլադե կրեմը:
Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան մի քանի ժամով, որպեսզի հանգստանա և սառչի: