Մոտ երկու շաբաթ առաջ, երբ էլեկտրաէներգիայի թանկացման հեռանկարն այլևս բացահայտ էր ու աննահանջ, խորհրդարանական ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչներ փորձեցին խնդիրն օրակարգի հարց դարձնել։ Հերթով բոլորի բերանը փակելով ու ձայնի իրավունքից զրկելով՝ ԱԺ նախագահը հարցը փակված համարեց, իր դերակատարությունը փայլուն կատարած ու երևի հանգիստ շունչ քաշեց՝ համոզված, որ խորհրդարանը մտավ իր սովորական, տաղտկալի ու կանխատեսելի ընթացքի մեջ։ 
Իսկ դեմն առած լավայի պես խնդիրը փոխեց իր հունն ու հայտնվեց Բաղրամյան պողոտայում։ 
Անողոք հունիսյան արևի, ոստիկանական ջրցան մեքենաների ու մահակների ահաբեկող դոփյունների ներքո Բաղրամյան պողոտայում անփորձ, բայց համոզված երիտասարդների մի խումբ կարողացավ «Դեմ եմ թալանին» կարգախոսով հազարներ հավաքել։ Այդպես 10 օր շարունակ կաթվածահար եղավ Բաղրամյան պողոտան, ու վաղուց մեր հասարակության մեջ արմատացած իշխանություն-ժողովուրդ հոգեբանական բարիկադը վերածվեց իրականի՝ մի կողմում արդարության ու իրավունքի պաշտանության համար ոտքի ելած երիտասարդներ, մյուսում՝ ժողովրդից իշխանության ճշմարտությունն ու իրավունքը պաշտպանող, մահակներով, վահաններով ու անհաղորդ դեմքերով զինված ոստիկանական շարքեր։ Այսպես 14 օր…
«Սա քաղաքական պայքար չէ, և գործընթացն անթուլատրելի է քաղաքականացնել»,- մոլորությամբ, թե գիտակցաբար հայտարարեցին շարժման անփորձ առաջնորդները։ Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում «քաղաքականությունն» ու այն իրականացնողներն այնքան վարկաբեկված արժեքներ են, որ «քաղաքականություն» եզրը հնարավորինս օտարում են իրենցից։ Սրանից իհարկե բովանդակությունը չփոխվեց…
Շատերն են զարմացած, անակնկալի եկած, ոգևորված։ Վարկաբեկված, անպտուղ ու իներտ քաղաքական ինստիտուտների ու հանրային համատարած հոռետեսության միջավայրում ծնվում է հազարավորների ակնթարթային շարժում, որի առաջնորդներին նույնիսկ դեմքով չգիտենք։
Գուցե և իսկապես չէին գիտակցում քաղաքական այն մեծ բեռը, որի տակ ակամայից մտել էին երիտասարդները։ Հավանաբար այդպես, այլապես չէին մերժի երկրի նախագահի հետ հանդիպել՝ չէին կորցնի շարժումն ու իրենց լեգիտիմացնելու ու հստակ ձևակերպումներ հրապարակելու հնարավորությունը։
Պայքարի 14 օր, որի հիմնական զենքը «Կասեցում» կարգախոսն է, եռագույնի ներքո ծածանվող համատարած սերը, երգը ու չգիտես որտեղից հայտնված աննման գեղեցիկ հայ աղջիկների ու տղաների պարը ու հավատը, վարակիչ հավատը… Նրանք իսկապես հավատոմ են, որ իրենք են տերը մեր երկրի։ 
Ոստիկանների ու երկրի տերերի միջև քաղաքական ընդդիմադիր ուժերի ու մտավորականության ներկայացուցիչներ են, որոնք ընդամենը բառի իսկական իմաստով սոսկ պատի դերակատարություն են ստանձնում։
Իսկ փողոցի առաջին գծում ինչ անելու անորոշությունից, անփորձությունից, անտերությունից, պատասխանատվության բեռից ու օդի մեջ կախված զենքի ահից ընկրկած ու կուչ եկած անփորձ երիտասարդությունն է։ Նորից առատ են պիտակավորողներն ու աներևույթ թշնամիներ որոնողները. գրանտակերներ, դավաճաններ, ազդեցության լրտեսներ ու գործակալներ, առատորեն շաղ է տալիս քարոզչամեքենան…
Եվ նույնիսկ այս փսոր մթնոլորտում սառույցը շարժվում է. աուդիտի պահանջ, մոսկովյան անդրադարձ, միջազգային լրահոս, կառավարության որոշում, փոխհատուցման այլընտրանք… սրանք տասօրյա քաղաքական արդյունք-հետևանքներ են, ինչին չկարողացան կամ թույլ չտվեցին հասնել խորհրդարանական ուժերին։
Ու նորից անփույթ աշակերտի պես մեզ մնում է դասեր քաղել այս ամենից:
Այդ ինչպե՞ս եղավ, որ գրեթե ակնթարթում, հեղինակությունների սովի միջավայրում երիտասարդներին հաջողվեց Բաղրամյան պողոտան ողողել մարդկային գետով, այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան քաղաքական ուժ ու մտավորական ընդամենը պատ հանդիսացավ: Այդ ինչպե՞ս եղավ, որ Հաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ քաղաքական գործընթացները քաղաքական կառույցներից դուրս են ծավալվում: 
Ի վերջո, սա խորը քաղաքական ցնցում է՝ ուղղված նախևառաջ քաղաքական համակարգին. երբ ժողովուրդը պետական, ինստիտուցիոնալ որոշումների ու դերակատարության հետ հույս այլևս չի կապում և չի հավատում… 
Այսօր Բաղրամյան պողոտան դատարկ է, աղբանաններից գոյացած աներևույթ բարիկադը շարունակում է Բաղրամյան շատ խորհրդանշական փողոցը բաժանել երկու մասի։ Իսկ երկու մասում էլ ծառերի տակ ամառային տապից ծվարած հատուկենտ ծ թուլացաոստիկաններ են ու առաջնորդ որոնող դեռահասներ։
Հիմա պայքարն այլևս իսկապես քաղաքական չէ. այս Ազատության հրապարակում երգում-պարում են հայ երիտասարդները, անելից ծնված հերթական անճարակ հացադուլն է մաշվում։ Իսկ ցամաքած ու թառամած աչքերով մի քանի տարեց, որ տրտմությամբ մասնակից է այս անհասկանալի ընթացքին (ու հազարներ իրենց տներում) ոռոգում են անարդարության իրենց բաժին ընկած կտորն ու մտածում՝ մի՞թե մեր երկրին չկա խաղաղություն։
Հ.Գ.
Երկիրը՝ որպես վարչական տարածք, ոչինչ է, եթե չի հենվում պահանջատեր, իրավագիտակից, տիրոջ պատասխանատվությամբ հասարակության վրա:
Մի լավ պաստառ կար Բաղրամյանում՝ «Ինչքան ջրեք՝ կաճենք»: Իշխանությունը պետք է հենվի այս տեսակի, այս ազնիվ, պայքարող, տեր կանգնող տեսակի վրա, երկրին այդքան պակասող թթվածին ու երազանք բերող տեսակի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել