Esam.am-ը գրում է.
Շարունակում ենք հարցուփորձ անել հայտնիներին ու պարզել նրանց «ամառային» ծրագրերը: ESem.am-ի բլից հարցերին պատասխանել է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը:
- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:
- Ընտանիքով հավանաբար կմեկնենք Եգիպտոս: Քանի որ մեր աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, հանկարծակի որոշում ենք ու միանգամից տոմս ենք վերցնում մոտակա թռիչքի համար: Կարծում եմ՝ լիարժեք լիցքաթափվելու և հանգստանալու համար պետք է մեկնել առանց երեխայի, բայց, քանի որ մենք առանց մեր բալիկի չենք կարողանում երկար մնալ (օրվա վերջին կարոտը խեղդում է), բնականաբար, նրան պետք է մեզ հետ տանենք: Նաև դրա համար ենք մտածում Եգիպտոս մեկնելու մասին, քանի որ շատերից եմ լսել, որ այնտեղ` հյուրանոցներում, երեխաների մասին հոգ են տանում, զբաղեցնում են:
- Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:
- Ես էլ, ամուսինս էլ ակտիվ հանգստի կողմնակից ենք: Մեզ համար պասիվ հանգիստը շատ ձանձրալի է: Առհասարակ ես հանգստանալ չեմ սիրում, սիրում եմ շրջագայել, չնայած որ գերհոգնած եմ՝ աշխատանք, չափազանց ակտիվ երեխա… Ամեն դեպքում նախընտրում եմ ակտիվ հանգիստը:
- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. ինչու:
- Նախընտրում եմ Հայաստանից դուրս անցկացնել հանգիստս, քանի որ, արդեն նշեցի, շատ եմ սիրում շրջագայել, ուսումնասիրել տարբեր երկրների մշակույթը, ճարտարապետությունը, արվեստը: Լինել այն վայրերում, որտեղ ծնվել, ապրել ու ստեղծագործել են հանճարները:
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:
- Կարծում եմ՝ լավագույն տարբերակը լողավազանն է, չնայած որ լողալ չգիտեմ: Ամաչում եմ այդ փաստից, քանի որ հայրս ջրագնդակի միջազգային կարգի դատավոր և մարզիչ է, խաղացել է Հայաստանի հավաքականում: Ամեն դեպքում, ես փոքր-ինչ վախ ունեմ, հուսով եմ՝ մի օր դա էլ կհաղթահարեմ:
- Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:
- Լողավազան, սառը ձմերուկը՝ պանրով :)
- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:
- Հագնվում եմ ըստ տրամադրության: Հագուստի մեջ հիմնականում շատ եմ սիրում սպիտակը:
- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:
- Ամառը պատկերացնելիս`աչքիս առաջ դեղինն է գալիս` կանաչ երանգներով:
- Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:
Առավել տպավորված հանգիստ չեմ կարող նշել, քանի որ մեկը մյուսից տարբերվող, հետաքրքիր, արկածներով լի հանգիստներ են եղել: Կարող եմ միայն նշել, որ անցած տարի առաջին անգամ էինք բալիկի հետ գնում հանգստի և չէինք պատկերացնում, թե ինչպես այն կանցնի, թեև գուշակում էինք: Պարզվեց, որ անհանգիստ հանգիստ էլ է լինում :)