Newsline.am-ը գրում է.
Վերջին մեկ ամսում Ռուսաստանի ռազմաօդային ուժերում գրանցվել է 5-րդ վթարը: Այս անգամ Խաբարովսկի երկրամասում կործանվել է Су-24М ռմբակոծիչ, որի երկու օդաչուներն էլ զոհվել են: Դրա մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը: Միջադեպը գրանցվել է հուլիսի 6-ին, մոսկովյան ժամանակով ժամը 14.35-ին: Су-24М-ի բոլոր թռիչքները ներկայումս արգելված են մինչև միջադեպի պատճառների ճշգրտումը: Տեղեկացնում է UNIAN լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ վայրում. գետնի վրա չկան ավերածություններ: Այդ վթարը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի համար հինգերորդն էր վերջին մեկ ամսում: Հուլիսի 3-ին Կրասնոդարի երկրամասում կործանվել էր Миг-29 կործանիչ, որի օդաչուն դիմել էր կատապուլտի օգնությանը և ողջ մնացել: Ինքնաթիռն ընկել էր անմարդաբնակ վայրում:
Հունիսի 4-ին մեկ օրում Վորոնեժի մարզում կործանվել էր Су-34 նորագույն ճակատային ռմբակոծիչ, իսկ Աստրախանի մարզում` Миг-29 կործանիչ: Հունիսի 8-ին էլ Ամուրի մարզում թռիչքուղու սահմաններից դուրս էր հայտնվել Ту-95 ռազմավարական ռմբակոծիչը. նրա անձակազմի անդամների մի մասը ստացել էր վնասվածքներ: