Թե ով էր Անդրիաս Ղուկասյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ, շատերը չգիտեն: Ներկայացնենք. մեդիա դաշտ մտած հաջողակ գործարար, որին օգնում ու սատարում էին կնոջ ազգանունն ու ազդեցությունները: Լինելով նշանավոր ճարտարապետ Արթուր Թարխանյանի փեսան և ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը՝ նա սոցիալական խնդիրներ ու նեղություններ չուներ: Կնոջ բարձր հոնորարները, որոնք արդյունք էին նրա ունեցած պատվերների, կապերն ու ծանոթությունները, ի վերջո, աներոջ զրնգուն ազգանունը բավական էին, որպեսզի տնտեսագետ-կիբեռնետիկոսի և արտաքին տնտեսական կապերի մասնագետի որակավորումներով անձը, որևէ աշխատանքային փորձ չունենալով, ընդամենը 25 տարեկան հասակում աշխատի «Հայներարտբանկում»՝ որպես գործունեության պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, Ներքին աուդիտի ծառայության պետ, Վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ Ապա հիմնադրի «Բիզնես-պորտնյոր» խորհրդատվական ընկերությունը, իսկ 1999 թվականից առ այսօր գլխավորի «Ռադիո Հայ» ՍՊ Ընկերությունը՝ զբաղեցնելով ընկերության հիմնադիրների ժողովի նախագահի պաշտոնը։ Այսքանը բավական չէ, չունենալով իրավաբանական կրթություն՝ 2002-2003թթ. հիմնադրի և աշխատի որպես տնօրեն «Վարդազարյան և Ղուկասյան» իրավաբանական խորհրդատվական ընկերությունում։ Հետո էլ կնոջ սեփականությունը հանդիսացող և իշխանությունների կողմից նվեր տրված սևանյան Ֆլամինգո լողափի հենքի վրա ստեղծի «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն և կառավարի ընկերությունը մինչև 2011 թվականը։ 2004-2008թթ. Էլ հանդիսանա «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ներկայացուցիչը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ում։ Զբաղեցնի նաև վերջինիս տնօրենի պաշտոնը։ Ըստ էության, մինի օլիգարխ, որը վայելել է բոլոր հաճույքները, ստացել ավելին, քան իր մտավոր կարողություններն են։ Ու հետաքրքիր է, թե ինչպե՞ս պատահեց, որ 2013-ին Անդրիաս Ղուկասյանն անսպասելիորեն դարձավ ընդդիմադիր գործիչ, ինչո՞ւ ելավ իշխանությունների դեմ, երբ այդ իշխանությունների գոյությունը շատ նպաստավոր էր իր համար: Երբևէ չզբաղվելով քաղաքական գործունեությամբ, չլինելով որևէ կուսակցության անդամ և ընդամենը, իբր հասարակական հիմունքներով, աջակցելով Խորհրդային Ադրբեջանից գաղթած ադրբեջանահայերին, հասկացել է, որ իր մեջ նստած է մեծագույն ընդդիմադիրը՝ ազգային փրկչի կերպարանքով և որոշել է հրապարակ նետվել՝ «փրկելու համար հայ ժողովրդին»:
Իր հայտնի նստացույցի ու հացադուլի օրերին Անդրիաս Ղուկասյանի գերխնդիրը բնավ էլ նախագահ դառնալը չէր, որովհետև շատ լավ գիտեր, որ ծիծաղելի կլիներ իր հայտնությունը երկրի նախագահի նստավայրում: Ծիծաղելին՝ ծիծաղելի, բայց, հաստատ, բնավ էլ ծիծաղելի չէին այն ներքին շահերն ու շահագրգռությունները, որոնց անունից էլ նա ՀՀ ԳԱԱ աստիճանների մոտ վրան էր նետել… Աբու Լալա Մահարին ուզում էր վրան նետել անապատում՝ ապիրատ աշխարհից փրկվելու համար, իսկ ահա մերօրյա Մահարին հենց Ակադեմիայի մուտքի մոտ էր տեղադրել իր վրանը, որպեսզի Բաղրամյան պողոտայում գտնվող օտարերկրյա դեսպանատների աշխատողները տեսնեն իրեն, որպեսզի նրանք համոզված լինեն, որ «գործող անձը» ճիշտ է ընտրված, որը կատարում է բոլոր հանձնարարությունները՝ հաստատելու համար, որ Հայաստանում կան ընդդիմադիր նոր բևեռներ: Որո՞նք էին Անդրիաս Ղուկասյանի պահանջները. ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները պետք է հանեն իրենց թեկնածությունը՝ Սերժ Սարգսյանին ընտրապայքարում մենակ թողնելու համար, երկրորդ՝ ՀՀ կենտրոնական հանձնաժողովը պետք է չեղյալ համարի Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը, և երրորդ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները Հայաստանում դիտորդական առաքելություն չպետք է անցկացնեն: Ի դեպ, այս պահանջները նա ներկայացնում էր որպես քաղաքական գործիչ՝ ինքն իր մասին ասելով. «...քաղաքական գործիչները հանդես են գալիս իրենց քաղաքական դիրքերից»: Ահա այսպես: Ինքն իրեն ներշնչել էր, թե քաղաքական գործիչ է, չնայած երբեք չէր եղել քաղաքականության հարթակներին: Գուցե ոչ թե ինքն էր իրեն ներշնչել, այլ այդպես հանձնարարել էին: Դե, իսկ ցանկացած հանձնարարության ակունքներում, բնականաբար, մեծ հոնորարներ են: Զարմանքով կարող ենք հարցնել, թե ինչո՞ւ այս «հանճարեղ քաղաքական գործիչը» նստացույց չէր անում մարտի մեկի իրադարձություններից հետո, ինչո՞ւ հացադուլ չէր հայտարարում, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, ինչո՞ւ բողոքի ձայն չէր բարձրացնում, երբ 2012-ին ընթանում էին խորհրդարանական ընտրություններ: Զարմանալով հանդերձ՝ պնդենք, որ այդ տարիներին Անդրիաս Ղուկասյանը տակավին չէր գտել այն «ստնտուին», որը պիտի սներ իրեն և մղեր «քաղաքական պայքարի»…
Հիմա նորից ակտիվացել է Անդրիաս Ղուկասյանը: Ընդ որում, նրա ակտիվությունն ի հայտ եկավ ոչ թե այն ժամանակ, երբ «Ոչ թալանին» շարժման նախաձեռնողներն Ազատության հրապարակում էին, ոչ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում էին հունիսի 23-ին, այլ դրանից հետո: Այն ժամանակ, երբ հստակ մեսիջներ ստացավ, երբ հանրային շարժման «կուլիսներում» հայտնվեցին «Հիմնադիր խորհրդարանն» ու Ժիրայր Սեֆիլյանը, երբ մաշված ու սրբագրված որոշ քաղաքական գործիչներ որոշեցին դիվիդենտներ շահել երիտասարդական հուժկու նախաձեռնությունից: Հատկապես այն ժամանակ, երբ ռուսական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել «հայկական մայդանի» գաղափարը: Անդրիաս Ղուկասյանի հայտնությունը, նշանակում է, պատահական չէր: Հարկավոր էր օգտագործել «պատմական պահը» և շարժումը տանել բոլորովին այլ ուղղությամբ՝ իսկապես բախումներ հրահրելով, Հայաստանը վերածելով քաղաքական ու քաղաքացիական բախումների թատերաբեմի… Ասում են, որ Անդրիաս Ղուկասյանն էր ցուցարարներին սնունդ մատակարարողներից և 10 հազարական դրամ տվողներից մեկը: Հասկանալի է, իր գրպանից չէր տալիս: Դեռ մինչև հիմա որևէ քաղաքական կամ հասարակական գործիչ իր գրպանները չի դատարկել: Դրա համար կան պատվիրատուներ և վճարողներ: Եվ որոնք բավական մեծ գումարներ են ներդնում, որովհետև «գունավոր հեղափոխությունները» շատ թանկ արժեն… Նկատելի է, որ Անդրիաս Ղուկասյանին պատվիրատուները մեծ դերակատարություն չեն վերապահել: Այլ ընդամենը՝ աջակցություն խառնակություններին, իրավիճակի սրումներին: Ուրիշ ոչինչ: Պատվիրատուները հիմար չեն, գիտեն ամեն մեկի քաշն ու կարողությունը:
…Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որն ազգային ինքնագիտակցության և երիտասարդների հանրային-քաղաքական ակտիվության արտացոլումն է: Հայ երիտասարդությունն ապացուցեց, որ ինքն է երկրի տերը, որ այլևս չի հանդուրժելու որևէ անարդարություն, որ մնալու և ապրելու է այս հողի վրա՝ այլևս չընդունելով քաղաքական ծաղրաբաններին, կուսակցական «երեսփոխաններին»: Այս շարժումն ուղղված էր նաև անդրիասղուկասյանների նմաններին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ անհայտ ուժերի ծառայելով՝ սերմանում են խառնակություն, սերմանում են ազգային շահերի դավաճանություն: Հետևաբար, նույն այս երիտասարդությունն այնքան խոհեմ է, որ թույլ չի տա՝ 10 հազար դրամով կամ մի տուփ յոգուրտով գնել իր ազատությունը, իր երկիրը: Եվ հենց նույն երիտասարդությունն էլ «ոչ» կասի ամեն տեսակի անդրիասներին՝ սեփական ձեռքերով կառուցելով սեփական երկրի ապագան: Խաղաղությամբ և ազգային համերաշխությամբ կառուցելու իր Հայաստանը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/670961936341601?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել