Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիան տեղափոխվեց Ազատության հրապարակ, որտեղ տեղի ունեցած հավաքն առանձնացավ որոշակի յուրահատկություններով:
Նախ՝ հավաքին հավաքին մասնակցում էին մի կողմից քաղաքացիների այն մասը, ում բողոքը սոցիալական ուղղվածություն ուներ, իսկ մյուս կողմից որոշակի քաղաքական ուժերի մասնակիցներ, որոնց համար առիթ է ստեղծվել սոցիալական շարժումը քաղաքական պայքարի վերածել: Այդ քաղաքական ուժերի մասնակիցները հավաքի ընթացքում սկսել էին «խլրտալ»՝ այս անգամ հնչեցնելով ավելի շատ քաղաքական հայտարարություններ, քան սոցիալական:
Հասկանալի է, որ «աութ» եղած որոշ քաղաքական ուժերի համար էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարը լայն հարթակ է ստեղծել ինքնադրսևորվելու համար, սակայն այդ ուժերի քաղաքական ակտիվության մեծացումը շարժման ներսում խորացնելու է քաղաքացիների հիասթափությունը ակցիաները կազմակերպողների նկատմամբ, ովքեր չեն կանխում, որ քաղաքական ասպարեզում բազմաթիվ չկայացած անձինք ինքնահաստատվեն բողոքի ակցիաների ընթացքում:
Ակցիաները բազմամարդ էին այն ժամանակ, երբ որ դրվում էր միայն մեկ պահանջ՝ թույլ չտալ էլէներգիայի սակագնի բարձրացումը, իսկ երբ շարժումը դուրս եկավ այդ պահանջի շրջանակներից ու գլխավոր հարցը դարձավ Բաղրամյանում, թե Ազատության հրապարակում շարժումը շարունակելու հարցը, և դրան էլ ավելացան ակցիայի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, որում Էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը քաղաքական երանգ էր ստանում, ակցիաների մասնակիցների թիվը կտրուկ նվազեց:
Ժամանակը երկար սպասել չի տա, այն անձինք, ովքեր փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, շուտով կբացահայտեն իրենց դեմքն, ու քաղաքական պատվերը ջուրը կընկնի: Չէ՞ որ շարժման իրական ազդակները գալիս են հասարակ քաղաքացիներից, այլ ոչ թե որոշ քաղաքական ուժերի կողմից: