Մեզանում տիրող բազմաթիվ և բազմաբնույթ առօրեական հոգսերը, ամեն տեսակ կենցաղային անհաջողությունները, մեր գործունեության բոլոր ոլորտներում մեզ ուղեկցող կորուստները, շատերի «ձեռքերը հուսահատության պարանով կապված» լինելը, տնից-տեղից հեռու, տարաբնույթ հիվանդություններն ու անսպասելի մահերը, այլևայլ չարչարանքներն ու տանջանքները մարդուն ավելի են մոտեցնում ինքնամաքրման անհրաժեշտության գիտակցմանը, քանզի ժամանակակից մարդը, որպես օրենք, միայն օրհասականին մոտ պահերին է սկսում հիշել Աստծո Որդուն և նրա հորդորները «վերստին ծնվելու»` այսօր մեզանում կուռք դարձած նյութական արժեքները մարդու միայն հոգևոր կատարելության աստիճանի բարձրացման նպատակներին ծառայեցնելու անհրաժեշտության մասին, և մեր հասարակության մեծ մասի մոտ կարծես տիրում է սպասումի մի վիճակ, սպասումը մեկի` մի հրաշագործի, մի առաջնորդի հայտնվելուն, ով կգա և մեզ բոլորիս դուրս կբերի այս ծանր, օրհասական վիճակից:
Ճշմարիտ առաջնորդը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ դրա գիտակցված պահանջը հասարակությունն ունի, երբ ամեն ինչ պատրաստ է նրա գալստյան համար, երբ մարդկանց մեծամասնությունը տենչում է նոր կյանք, այլ արժեքային համակարգ, եղածից էապես տարբերվող այլ կենսակերպ և ահա այդ ժամանակ է, որ երևում է իսկական ԱՌԱՋՆՈՐԴԸ, և բոլորը նրան ճանաչում ու անառարկելիորեն ընդունում են: Այդ ժամանակն այսօր, դժբախտաբար, չի եկել, քանզի ասված է. «Մենք փող հնչեցրինք ձեզ համար, բայց դուք պար չեկաք, և ողբ ասացինք և լաց ու կոծ չարիք: Արդ մեր ժամանակը դեռ չի եկել, իսկ ձերը` միշտ պատրաստ է»: Այսօր հասարակության մեծամասնությունն իրեն համակած ամեն տեսակ ձախուղումների և դժբախտությունների պատճառը տեսնում է «հացի պակասի» մեջ, միայն «հաց» է տենչում, և այդ է, որ այսօրվա՝ հասարակական կլինի, քաղաքական, թե այլ դաշտերում իրենց «վար ու ցանքն» են անում միայն «հաց» խոստացող կեղծ փրկիչներն ու սուտ փրկարարները: Դժբախտաբար մեզանից յուրաքանչյուրն այսօր ամեն ինչի պատճառը որոնում է իրենից դուրս, և փրկությունն էլ իր մե’ջ չի փնտրում, այլ դարձյալ իրենից դուրս, այնինչ ճիշտ հակառակն անելն է փրկության միակ Ուղին:
Մեզանում առկա հոգևոր- բարոյական մթնոլորտում, որն ինձ շատ բաներով հիշեցնում է սրանից 2000 տարի առաջ աշխարհում տիրող վիճակը, Փրկչի երևալն ու նրա քարոզները կհանգեն նույն արդյունքին, քանզի Նա այսօր էլ նույն բաներն է մեզ ասելու, ԴԱՐՁԻ նույն Ուղին է մատնանշելու, մարմնավորի հանդեպ Հոգևոր կյանքի գերակայության մասին է հորդորելու, «վերստին ծնունդի» վերաբերյալ է խոսելու, Իր «սարի վրայի քարոզն» է մեկ առ մեկ մեզ հիշեցնելու, սակայն ստանալու է նույն պատասխանն ու նույն ճակատագրին է արժանանալու` մեր կողմից խաչն է բարձրացվելու, քանզի մենք այսօր Նրանից այլ` միայն մարմնավոր, նյութական բարձր բարեկեցության բերող «հրաշքներ» ենք սպասում ու տենչում:
Փրկչի գալստյան մեկ նախապայման պիտի ապահովի հասարակությունը: Նա պիտի հասկացած լինի, որ այսպես` նյութական բարձր բարեկեցությունը կյանքի գերագույն նպատակ հայտարարած ապրելը կործանարար է իր և իր սերունդների համար: Եվ եթե սրա հետ միասին մարդը հասած լինի գիտակցության այնպիսի աստիճանի, որ խորապես ըմբռնած լինի Տիրոջ պատգամները, սկսած լինի ապրել մարդ մարդուն վայել կյանքով, Դարձ կատարած լինի դեպի Ճշմարիտ Ուղին, հասկացած լինի Երկնային Արքայության բուն` այն իր ներսում որոնելու խորքային իմաստը, ապա միայն այս պարագայում է, որ կարող է հայտնվել Ճշմարիտ Փրկիչը, սակայն կպարզվի, որ Նրա կարիքն այլևս չկա, քանզի Նա կլինի յուրաքանչյուրի ներսում, ամեն մեկից անբաժան ու անխզելի…