Բաղրամյանի կանգառից հետո, որից այսօր դուրս եկանք, ակնհայտորեն, կա երկու հնարավորություն՝ Բարեկամություն կամ Երիտասարդական :)
Դաս 1
Երկրում տիրող անարդարությունը, չքավորությունը, անհեռանկարայնությունը և անտաղանդ կառավարումը նեղացնում են օղակը յուրաքանչյուր արդարամիտ ու բանական մարդու վզին, որոնք թեև հոսանքի սակագնի թանկացման պարագայում ամենաքիչ խոցելի խավն էին, բայց և այնպես առաջինը դուրս եկան փողոց՝ բողոքելու անարդարության դեմ: Դրանց մեջ կային ոչ քիչ իշխանական թևի ներկայացուցիչներ, ովքեր զուսպ, բայց արտահայտվեցին նաև հանրության առջև:
Դասը. այս մարդիկ մեր երկրի հույսն են:
Դաս 2
Ցույցի նախաձեռնող խումբը, որը կազմված է համառ, տոկուն, բայց անփորձ և ոչ այնքան գրագետ երիտասարդներից (անձամբ եմ համարյա բոլորի հետ շփվել), չկարողացավ ճիշտ տնօրինել ստանձնած պատասխանատվությունը և մինչև վերջ մնալ նախաձեռնող և ճիշտ տնօրինել հաղթանակը: Նրանց ակնհայտ վախերից մեկն էլ այն էր, որ փողոցից դուրս յուրաքանչյուր այլ հարթակում նրանք վախենում էին պայքարելուց:
Դասը. որևէ խնդրի համար պայքարը հաջողված կարող է լինել երիտասարդների ավյունի և ավելի մեծերի խելքի, փորձի և հաշվենկատության համադրությամբ: Ճիշտ այնպես, ինչպես եղավ տրանսպորտի դեպքում:
Դաս 3
Ակնհայտ է, որ կա վստահության իսպառ բացակայություն հանրության և իշխանությունների միջև, որի պատճառն ակնհայտ է. հանրությունը վստահ է, որ իշխանություններին բացարձակապես չեն հետաքրքրում մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում, և միայն անձնական շահն է, որ ղեկավարում է նրանց գործողությունները:
Դասը. երկրում պայթյունից խուսափելու համար իշխանությունը պետք է դեմքով շրջվի դեպի ժողովուրդը և իր հետագա բոլոր քայլերով (ոչ միայն հոսանքի սակագնի հետ կապված) ցույց տա և ապացուցի իր խորը մտահոգությունը երկրում ծառացած անթույլատրելի իրավիճակի վերաբերյալ և համոզի հանրությանը դրանք շուտափույթ լուծելու իր ունակության և տրամադրվածության մեջ:
Դաս 4
Մեդիան ավելի քան երբևէ օրակարգ թելադրող էր: Live-streaming, բազմաթիվ հոդվածներ և հարցազրույցներ, ֆեյսբուք, ռուսական մեդիահիստերիան անգերագնահատելի ազդեցություն ունեցան ոչ միայն խնդրի լայնամասշտաբ թափ ստանալու մեջ, այլև հանգուցալուծման:
Դասը. մենք ունենք առաջին և չորրորդ իշխանությունները, բայց ոչ ավել:
Դաս 5
Հիմնավորումներ պետք են ոչ միայն իշխանություններին, այլև դիմադրողներին, լինի դա ընդդիմություն, ցուցարարներ, թե՝ սովորական մարդ:
Դասը. վերաձևակերպելով Ալ Կապոնեի խոսքերն այս դեպքում՝ խաղաղ ցույցերով ու թվերով կարելի է հասնել շատ ավելի մեծ արդյունքի, քան միայն խաղաղ ցույցերով:
Ամփոփելով՝ դեռ երկար ճանապարհ կա, մինչև խելքի բերենք մեր երկիրը, բայց եթե այն ամենը, ինչ հայտարարվել է հունիսի 27-ի հայտարարության մեջ, իրականանա, ապա մի երկու տարի հետո մենք լավ հենակետի վրա կլինենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=946002392108966&set=a.378786548830556.82412.100000976436009&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել