Հոկտեմբարյանցի Սևոն հելել էր պլաց, բլյախը օդում ֆռցնում ու գոռում էր. «Տո կոխեմ Սերժին, ոչ մեկդ Սերժին չընտրեք, սաղդ Լևոնին կընտրեք»: Աֆիցեռները` վերևից ներքև սաղ քաքել էին տակները Լևոնի հնարավոր հաղթանակի վախից, իսկ որ չընտրվեց Պալկայի սենյակում հո քեֆ չէր, ծառայությունը մոռացած խմում, տաշի-տուշի էին անում, Շուշիի ազատագրությանը մասնակցած պալկան, որի տանկն էր առաջինը Շուշի մտել, էս անգամ իրա վախերը ազատագրելն էր տոնում:

  Էրկու տարի առաջ, էս` հերթական հոդվածը, ուղարկեցի «Անկախ». տենց էլ չտպվեց կադրային փոփոխությունների պատճառով: Հետո իմացա, որ պաշտպանության նախարարությունը նեղացել էր, որ բանակի մասին էին գրում ու շատ ուրախացել էր, որ իմացել էր էլ չի լինելու: Ես էլ համբերատար սպասեցի առիթ լինի, որ հրապարակեմ:


Ընտրությունները բանակում. դուք արդեն ընտրել եք, անցեք ծառայության



- Տենաս` ոնց եմ զորքիս ինստրուկտաժ արել:

Գումարտակի հրամանատարի էս խոսքերը, որ լսեց ընկերս ընտրեց Լևոնին: Ասում է. «Մտնելու էի Սերժին ընտրեի, բայց կամբատի էդ ասածը խփեց գլխիս»: Ասում եմ. «Է, Լևոնին չընտեիր ուրիշին ընտրեիր»: Ասեց. «Չէ', ես հենց Լևոնին ընտրեցի, որ իրանց դեմ լինեմ»:

            Ընտրություններից մի ամիս առաջ զորամասում սկսվում է զինվորների հետ բացատրական աշխատանքներ տանել, թե ում պիտի ընտրեն: Հիմնականում այդ պատասխանատու գործը անում են զամպալիտները  (անձնակազմի հետ տարվող աշխատանքային գծով հրամանատարի տեղակալ), և ամեն ստորաբաժանման հրամանատար իր ստորաբաժանումում է ագիտացիա անում:

            2007թ.-ի Ազգային Ժողովի ընտրություններին գնդի զամպալիտը մի մեծ ուղղանկյունաձև պլակատ ձեռքին մտնում էր ստորաբաժանումներ ու ցուցափայտով ցույց տալիս պլակատի վրա, որտեղ գրված էր 15 թիվը, կողքը Հայաստանի Հանրապետական Կուսակցություն կողքն էլ V-աձև նշան ու բացատրում էր, որ մեր նպատակը ընտրություններին մասնակցելու այդ բառերի կողքը V-աձև նշան դնելն է, հատկապես անհանգստացած էր, որ նշանը սխալ ձև կամ տեղ չդնենք, որ անվավեր չհամարվի քվեաթերթիկը: Զամպալիտի ագիտացիայի ժամանակ զինվորներից մեկը ասաց, որ ինքը չի ընտրելու, իսկ զամպալիտի հարցին, թե ինչու չի ընտրելու, զինվորը պատասխանեց, որովհետև գրիչը ծանր է, այդ տղային տարան բուժկետ, մի քանի օր հետո որպես ոչ պիտանի ծառայությանը զորացրեցին:

            Կորպուսի զամպալիտը ավելի հետաքրքիր էր ագիտացիան անցկացնում: Նա գոնե բացատրում էր, թե ինչի պիտի 15 համարի տակ հանդես եկող կուսակցությանը ընտրենք, այնպիսի բաներ էր ասում, որոնք մեզ համար նորություն էին: Օրինակ, որ անկախ, ազատ ու ժողովրդավար պետությունում ենք ապրում այդ կուսակցության շնորհիվ է որ զինվորը հագուստ ունի հագնելու, ուտելիք ունի ուտելու, այդ կուսակցության ձեռք բերումն է, հայոց բանակը նույնպես այդ կուսակցության ձեռք բերումն է: Ճառն ավարտում էր այսպես. «Ընտրությունը ձերն է, դուք կարող եք ընտրել ում ուզում եք, բայց մի' մոռացեք, որ ընտրությունները թափանցիկ են և դուք կարող եք պատժվել ձեր սխալ ընտրության համար»:

            Զինվորները Ազգային Ժողովի ընտրությանը մասնակցում են միայն համամասնական կարգով: Եթե զամպալիտի գործը ասելն էր, թե ում պիտի ընտրենք, ստորաբաժանման հրամանատարի գործը բացատրելն էր, թե ինչ կլինի, եթե ուրիշին ընտրենք: Իհարկե, բացատրությունը լավ չէր տրվում, որովհետև բոլորը աղոտ պատկերացումներ ունեին, թե ինչ կարող է լինել, եթե ուրիշին ընտրեն: Բացատրությունն այն էր, որ խախտում է կատարվում էդ ձևով,իսկ խախտմանը պիտի հաջորդի պատիժը, բայց թե ինչ պատիժ էր, հայտնի չէր:

            Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ, երբ մեր փոքր մարտկոցը ընտրատեղամասի մոտ սպասում էր իր հերթին, մարտկոցի հրամանատարը մոտեցավ ու սփրթնած դեմքով ասաց. «Արդեն խախտումներ են էղել, գնդի հրամանատարը հիմա գալիս ա ստեղ, նայեք դուք էլ էդ ալիքի տակ չմտնեք»: Դերասանական վարպետությունն այն աստիճանի էր, որ ես էլ շշմեցի ու հավատացի տեղի ունեցած խախտումների լուրին: Երբ մտանք ընտրատարածք հանդիպեցինք մեր զորամասի որոշ սպաներին քաղաքացիական հագուստով, որոնք որպես դիտորդ էին հանդես գալիս ու ձևացնում էին, որ սպա չեն: Երբ ստացա քվեաթերթիկս ու մտա ընտրությունս կատարելու պարզ դարձավ, որ իմ խախտման մասին ոչ ոք չի կարող իմանալ: Սկզբում զննեցի քվեաթերթիկը, որ իմանամ ով է մասնակցում ընտրությանը բացի 15 համարի տակ հանդես եկող կուսակցությունից. ոչ մի հարմար բան չկար, վանդակներից դուրս մի քանի տեղV-աձև նշան դրեցի ու գցեցի քվեաթերթիկը քվեատուփի մեջ:  

            2008թ.-ի նախագահական ընտրության ժամանակ պլակատը փոխվել էր, արդեն 8 համարի տակ հանդես եկող անուն ազգանունի կողքն էր V-աձև նշանը դրած: Այդ ընտրությունների ագիտացիայի ժամանակ կորպուսի զամպալիտը ավելի շատ խոսեց նրանից ում պիտի չընտրենք, քան ում պիտի ընտրենք: Տպավորությունն այնպիսին էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահի թեկնածու առաջադրվելը անձնական վիրավորանք էր զամպալիտի համար: Հունվարի 28-ին քաղաքում անցկացրած շքերթի ժամանակ նույնպես ճառով հանդես եկավ Լևոնի դեմ: Հաջորդ այցելության ժամանակ, արդեն հայտնի էր, որ Լևոնին են միացել մի շարք զինվորականներ, այդ թվում Մանվել Գրիգորյանը ու զամպալիտի ճառն արդեն զուսպ էր ու խոսում էր նրանից, թե ում պիտի ընտրենք, իսկ թե ում պիտի չընտրենք, ոչ մի խոսք չասաց: Զորամասեր կային, որտեղ քֆուր էին անում, եթե Սերժին չընտրեն: Ասում էին որ ընտրատեղամասերում տեսախցիկներ են դրել ու կտեսնեն, թե ով ում է ընտրել:

            Նախագահական ընտրությունների ժամանակ ավելի տեղեկացված էինք, քան Ազգային Ժողովի: Ռադիոն թաքուն միացնում էինք ու լսում Ազատություն ռադիոկայան, որտեղ արվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի գովքը: Սկզբում մեզ թվում էր ճիշտ բաներ ենք լսում, բայց երբ ցերեկային եթերով Լևոնն ասաց. «Ես ինքս եմ ինձ տնային կալանք հայտարարել», իսկ երեկոյան եթերին այդ խոսքերը հանված էին, պարզ դարձավ, որ լսում ենք այն, ինչ լսում ենք զորամասում, ուղղակի տարբեր թեկնածուների օգտին ու դեմ: Ըստ Ազատություն ռադիոկայանի Լևոնն արդեն նախագահ էր, իսկ ըստ մեր զորամասի Սերժն էր արդեն նախագահ: Զինվորների մեջ էլ տարաձայնություններ կային: Մեկն ուզում էր Արթուր Բաղդասարյանին ընտրեր, մյուսը համոզում էր, որ Արթուրին ընտրություններից հետո պաշտոն են տալու, պետք չի իրան ընտրել: Ընտրության օրը զինվորներից մեկը ջղայնացած գնաց շարահրապարակ (պլաց) ու բարձր-բարձր գոռաց, թե Սերժն ով ա, որ իրան եք ընտրում, բոլորդ Լևոնին կընտրեք: Շատերին հարցնում էինք, թե ում է ընտրելու ասում էին` Սերժին, հարցնում էինք` ինչի, ասում էր`որովհետև տենց են ասում: Բանակում ամենաանազատ համակարգն է, բայց ես ում ուզել իրեն էլ ընտրել եմ` ո'չ Սերժին, ո'չ էլ Լևոնին:

            Ծանոթներիցս մեկը պատմում է, որ սահամանադրության հանրաքվեի ժամանակ. «Էկան մեզ շարեցին, ասեցին` դուք ձեր ընտրությունը կատարել եք, անցե'ք ծառայության»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել