Քնի հանելուկը վաղուց է հետաքրքրում գիտնականներին ու բազում ուսումնասիրությունների թեմա է, եթե հաշվի առնենք, որ մենք քնած ենք անցկացնում մեր կյանքի մեկ երրորդ մասը: Հաշվարկված է, որ 72 տարեկան մարդը ավելի քան 210 000 ժամ քուն է ունենում: Ամերիկացի հոգեբան Սամուել Դենիելը, զբաղվելով քնի խնդիրներով, պարզել է, որ քնի ժամանակ մարդու դիրքը կապված է նրա բնավորության հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ դիրքով են քնում ձեր մտերիմները, գուցեև բերված բնութագրումները համընկնեն:
Նա, ով քնում է կուչ եկած դիրքով, հոգեբանն անվանում է բողբոջ, որը չի ցանկանում բացվել ու ծաղկել: Նրա կարծիքով, այս մարդիկ ենթագիտակցորեն չեն կամենում հեռանալ ու բաժանվել մանկությունից: Նրանք ավելի ուժեղ մեկի կողմից հովանավորության կարիք ունեն, նրանց հաճելի է, երբ ինչ-որ մեկը հոգ է տանում իրենց մասին: Անվճռական կամ էլ ոչ այնքան ինքնավստահ, պատասխանատվությունից խուսափող մարդիկ են, որոնք հավասարապես կարող են հայտնվել թե՛ լավ, թե՛ վատ ազդեցության տակ: Սկզբունքորեն նրանք զգացմունքային ու հախուռն խառնվածք ունեն ու ավելի շատ առաջնորդվում են պահի տրամադրությամբ, քան առողջ բանականությամբ:
Նրանք, ովքեր քնում է փորի վրա, թևերն էլ տարածած ողջ մահճակալի երկայնքով, մի ոտքը ծալած, սովորաբար ինքնավստահ մարդիկ են, ճշտապահ, հետևողական իրենց դատողություններում, սիրում են կարգ ու կանոն: Չեն սիրում անսպասելիությունը, քանի որ իրենք էլ նախապես ամեն ինչ մտածում ու հաշվարկում են: Սովորաբար նրանց մեղադրում են մանրախնդրության ու երևակայության բացակայության համար: Սիրում են իրենց տեսակետը պարտադրել, հրամայել ու ղեկավարել:
Նա, ով քնում է մեջքի վրա, ձեռքերը գլխի տակ դրած, սովորաբար շփվող է, սրտացավ: Այս մարդիկ հրաշալի գիտեն իրենց թերություններն ու գերադասում են չխոսել դրանց մասին: Նրանք օժտված են պայծառ մտքով, բարեկամաբար են տրամադրված շրջապատի հանդեպ ու աշխարհն էլ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կա, չնայած երբեմն այս հատկությունն ավելի շատ կապված է կյանքը չբարդացնելու հետ: Հոգեբանը հավաստիացնում է, որ այս դիրքը հատուկ է նրանց, ովքեր մանուկ հասակում ծնողների սիրելին են եղել:
Նա, ով սիրում է քնել կողքի վրա, թեթևակիորեն ծունկը ծալած, հավասարակշռված ու համբերատար մարդիկ են: Նրանք հազվադեպ են վիճում, հակված են խելացի փոխհամաձայնության և առանց դժվարության հարմարվում են ցանկացած պայմանների ու իրավիճակների: Սակայն բավականաչափ համարձակություն, եռանդ ու հետևողականություն չունեն նպատակներին հասնելու համար: Փառասեր չեն ու, բնականաբար, չեն փորձում փայլել հասարակության մեջ, դառնալ առաջնորդ ու առաջատար: Գերադասում են ստվերում մնալ, մանավանդ եթե այդ ստվերը պատկանում է սիրած մարդուն կամ էլ նրան, ում հարգում են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3819616939701
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել