Դրոշները փշրվեցին… Սև մարդը ինքնագոհ փնչաց, հանեց սև շապիկը և սև մարմինը տվեց Բաղրամյանի քամուն: Դաջվածքները փաստում էին ստորագույն ծագում: Մի քանի լածիրակ քծնաբար պտտվում էին շուրջը: Մի քիչ այն կողմ մյուս մութ մարդն էր – դեմքը գորշ էր քարաքոսի նման, ձայնը կռնչուն էր – կեսգիշերին կպատմի կուրատորին, թե ի՛նչ է արել: Մի քանի րոպեում Նոր Հայաստանը նահանջեց, և հին, ստոր, ճորտական Հայաստանը գրավեց նրա տարածքը:
Մի քիչ շտապել էին կապույտ դրոշներ բերողները: Մեր մանուկ Շարժումը մանկորեն խորամանկում է, թե չի քաղաքականանալու, և իբր խաղացնում է ինչ-որ մեկին, և իբր խելոքություն է անում – բայց սրտի խորքում լավ գիտի, թե ՈՒՐ Է ԳՆՈՒՄ, էն մեկն էլ գիտի… Բայց մանուկ Շարժումը ուզում է մանուկ մնալ – առայժմ, և նրան փորձության ենթարկեցին: Չդիմացավ:
Երեկվա երեկոն մխիթարություն էլ ուներ իր մեջ: Կարդացի Ջեֆֆրի Չոսերի «Քենտրբերյան պատմություններ»-ից, միջին անգլերենից թարգմանել է Արամ Թոփչյանը: Հայոց լեզուն՝ էպիկական ու անթերի խաղաղությամբ, մեզ է հասցնում օտարի հանճարը: Մենք Եվրոպայում ենք: