Մարդկության պատմության մեջ 20-21 դարերը առանձնանում են գենդերների (սեռերի) միջև հավասարության հարցի առավել սրումով (ցավոք, հաճախ ոչ պատշաճ), ինչի արդյունքն ու ծնունդն են մի շարք հասարակական շարժումներ ու կազմակերպություններ, մինչև անգամ կանանց կողմից այդքան շատ սիրված Մարտի 8-ը: Այս հոսանքի մեջ քիչ չեն նրանք, ովքեր քրիստոնեությանը մեղադրում են խտրականությունը ավելի մեծացնելու մեջ` ասելով, թե այն, տղամարդկանց վերապահելով աննախադեպ իրավունքներ, կանանց զրկում է դրանցից:
Իրականում այն, որ Աստծո առջև կին և տղամարդ հավասար են, շեշտում է նաև Աստվածաշունչը Սուրբ Պողոս առաքյալի շուրթերով. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք. ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արվի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ էք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3:27-28): Ահա այս խոսքը կազմավորման առաջին իսկ դարերից կենսունակ է եղել նաև Հայոց եկեղեցում, ինչի արդյունքում սեռերի իրավահավասարության հարցը հասարակական հնչեղություն է գտել և վերջնական վերահաստատման է արժանացել սրանից մոտ 100 տարի առաջ` 1917թ. ապրիլին (ավելի շուտ, քան ցիվիլ Եվրոպայում) Գևորգ 5-րդ Վշտակիր կաթողիկոսի (1911-1930թթ) մի կոնդակում, որը ՍՊԱՍԱՎՈՐԻ խորհրդով հատվածաբար ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:
Մեր սիրեցեալ որդիներին եւ մեր Լուսոյ Մայր Ս. Էջմիածնի հարազատ զաւակներին, ամէն դասակարգի այր եւ կանանց, որոնք բնակւում են քաղաքներում եւ գիւղերում, ուրախակցական ողջոյն, Հայրապետական եւ Միածնաէջ Ս. Տաճարիցս եւ մեր Ս. Հօր բազմաչարչար Գրիգոր Լուսաւորչի առաքելական գահից օրհնութիւն.
... Հայոց ժողովո՛ւրդ,
Այս օրուանից սկսած արտօնում ենք կանացի սեռի իրաւունքների վերականգնումը համայնական գործերի մէջ: Կանացի սեռի իւրաքանչիւր անհատ իրաւունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կեանքի ամէն մի գործի մէջ հանդէս գալու, թէ ձայնատւութեան և թէ ընտրութեան ժամանակ, իրաւատէր լինել և՛ ընտրուելու և՛ ընտրվելու, մի արտօնութիւն, որ մինչև այժմ այր մարդոց էր վիճակուած և նոցա՛ իրաւունքն էր համարւում:
Հայոց ժողովո՛ւրդ,
Այսուհետև հասարակական իւրաքանչիւր գործ համայնքի ամբողջ կազմի ազատ ընտրութեամբ պիտի կատարուի: Այս կարգերի և կանոնների նախնական ձևի վերականգնումը` մեր հաստատութիւնների յարատև և կենսունակ գոյութեան հիմքն ենք ճանաչում. հաստատութիւններ, որոնցով փայլեցին մեր նախնիքը և որոնց գոյութեան պահպանութեան համար, մեծ յոյսեր ունենք, որ շատ առաւել նախանձախնդրութիւն պիտի ցույց տաք` որ ընդհանուրի շահերի զարգացման և այդ հաստատութիւնների կեանքի խնդիրն է:
...Եւ Մենք, որ հասարակաց Հայր և մեր ս. Եկեղեցու Գլուխ ենք անուանուած` ազգիս բոլոր ներկայացուցիչների ազատ ընտրութեամբ և մեր ս. Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն, մեծայոյս ենք, որ իմ հօտի և սիրելի հոգևոր զաւակներիս նախկին իրաւունքների և արտոնութիւնների վերականգնումը, նոցա մտքի և սրտի մէջ հեռատես իմաստութեան ոգի կյարուցանէ, որպէս զի ձեռք զարկեն հանրային և ազգային հաստատութիւնները բարեվայելուչ վիճակի վերածելու, դպրոցները բարգաւաճ դարձնելու, ինչպէս և զանազան կրթական բուծարանների յառաջադիմութիւնն ապահովելու, այլ և հոգ կը տանեն մեր ս. Եկեղեցու բարեզարդութեան մասին, որ մեր կեանքի մէջ իբրև մի ամուր և անյողդողդ խարիսխ է եղած, դարեր շարունակ մեր արտօնութիւնների և իրաւունքների պահպանութեան համար, մի ամուր խարիսխ, որի վերայ էին յենւում մեր նախնիքը` պատմական մեր մրրկակոծ կեանքի րոպէներին և նորան ապաւինած փրկութեան նավահանգիստ հասնում...
... Ողջ լինիք, զօրացած Տիրոջ օգնութեամբ և օրհնուած Մեզնից առ միշտ: Ամէն:
ԳԷՈՐԳ Ե
ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել