էսօր առավել հեշտ է լքելը կամ լքված լինելը: Տարիների կուտակումները կարող են վայրկյանական պարպվել ու... Բայց հարցը դա չէ միայն:

Մենք էսօր շատ մարդ ենք տեսնում, քան մեր պապերն ու բոլորի մեջ փնտրում  ենք նրան, ով կլրացնի քո մենակությունն ու հոգ կտանի քո մասին (արդեն ամենամեծ սուտը և անբարոյականությունը հնչեց):

Իրականում մենք անհագուրդ ծառից ծառ ենք թռնում ու դրանով կապում մեզ ինչ-որ չկայացած ու կանխածին հիշողությունների հետ:

 

էս ամենը մեզ չի թողնում դադար առնել ու թարմ հայացքով ապրել: Խճճվածությունը հասցնում է անզորության և չի թողնում, որ ինքդ քո մեջ իրապես մենակ մնաս (սա մենակությունից վախն է):

Մենակ մնալու վախը շարժում է աշխարհի բարոյականությունը, քանի որ եթե դիմացինը չի լրացնում մենակությունդ, ուրեմն փորձում ես գողանալ նրանից ինչ-որ մաս, որ ինքդ քեզ ասես եղել է ու կատարյալ չէր, ու տնքաս (մենք սպասում ենք մեզ ամեն օր դրանով)։

Ինձ մեկ-մեկ թվում է, իսկ մեկ-մեկ ուղղակի չի թվում, որ այս հարցերի լուծումը միայնակ մնացած մարդու ձեռքին է: 

Առաջին լուրջ միտքս. բոլորին արձակել է պետք ու ապրել նրանով, ինչ ունես, դիմացից կգա նա, ում ես սպասում (ծերությունը յոթ սարի հետևում չէ)։

 

Ազատ եք՝ սին երազներ, իսկ այն, ինչ իրապես կատարվում է ամբողջականության համար, արդեն կատարվում է: Ազատ արձակելով մենակությանդ պատրանքը՝ ազատ ես արձակում նաև քո կյանքի բոլոր բախտագուշակներին (մարդու տիեզերքի մեջ ո՞վ է այն հյուլե միտքը, որ կարող է լույսեր վառել կամ մարել, ու եթե ոչ, ապա կապվածությունը որևէ մտքի հետ մի՞թե տարբերվում է սին երազանքից):

 

Եվ, ի դեպ, երջանկությունը միշտ կատարյալ է լինում, մի ոտնանի, մի աչքանի երջանկությունը նախ խուլ  է: 

Վաղը հանգիստ կարթնանամ, քանի որ նոր բոլորին ազատեցի, ու այլևս միտքս պարապ է, դուք էլ ազատ արձակեք ինձ ու մնացածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել