Ի տարբերություն անցած շաբաթավերջի, երբ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում լարված ու մարդաշատ էր, այս 5-6 օրերին այստեղ անորոշ սակավամարդ ու մի տեսակ տարտամ վիճակ էր:
Կարելի է ասել, որ որոշակի ժամերի, հատկապես լուսադեմին մոտ, հոսանքի թանկացման դեմ պերմանենտ բողոքի վայր դարձած Բաղրամյան պողոտայի սկզբնամասում անվանապես շարունակվող ակցիայի հազիվ մի քանի տասնյակ մասնակից է լինում: Հաջորդող տապի ժամերին էլ, ինչպես դրանում կարելի է համոզվել ցույցի առցանց հեռարձակումից, պողոտայում միայն «բարիկադավորված» աղբարկղերն են:
Վերջին օրերին անգամ ոստիկաններն առանձնապես «կադրի մեջ» չեն մտնում: Ճիշտ է, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանակ առ ժամանակ, օրվա մեջ գոնե մեկ անգամ շրջում է ցույցի անցկացման վայրում, ինչ-ինչ դիտողություններ անում: Բայց դա ավելի շուտ աշխատանքային ընթացք է, այդ թվում՝ ցուցարարների համար, քան թե ինչ-որ արտասովոր մի բան:
Ակնհայտ է, որ ցանկության դեպքում ոստիկանությունն առանց լուրջ ջանքերի կամ լարվածության կարող է վերականգնել երթևեկությունը Բաղրամյան պողոտայով: Սակայն ոստիկանությունը, դատելով ամենից, որոշել է բացարձակապես չխանգարել այս բողոքի ակցիային, որ այն, առնվազն որպես «Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույց», իր հունով մարի:
Դա, իհարկե, հասկանում են նաև այնտեղ մնացած «նոր կազմի» ցուցարարներն ու պիտակավորված «Ոչ թալանին»-ի տղաների տեղը գրաված նոր նախաձեռնության ներկայացուցիչները: Ինչ-որ գործողություն կամ տեղաշարժ է պետք: Իսկ տեղաշարժ չկա:
Իհարկե, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին անշնորհք ձևով «վրա տալու», նրա համախոհների բերած Եվրամիության դրոշը խլելու կամ քաշքշելու հուլիսի 2-ի միջադեպը երեկ աշխուժորեն քննարկվում էր լրահոսում և սոցցանցային հարթակներում: Բայց դա ամեն դեպքում տեղաշարժ չէ:
Նոր նախաձեռնողները, որոնց շարքում քայլ առ քայլ իր դիրքերն է ամրապնդում «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, երեկ, օրինակ, բողոքի երթ էին նախաձեռնել Երևանի կենտրոնական փողոցներով՝ երթուղու վերջնակետ ունենալով Բաղրամյան պողոտան: Հասկանալի է, իհարկե, որ ակնկալիքը վերստին եթե ոչ մարդաշատ, ապա գոնե նախորդ շաբաթվա կեսի կամ գոնե մեկ քառորդի չափ մասնակիցների ներկայություն ապահովելն է: Սակայն կարելի է չկասկածել, որ դա ևս սպասվող արդյունքը չի տա:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը, իհարկե, ասպարեզից ամենևին էլ դուրս չի եկել: Ավելին՝ պայմանական ասած՝ «հին» նախաձեռնության ներկայացուցիչներն անհատապես մասնակցում են «նոր» նախաձեռնության կողմից շարունակվող ակցիաներին: Բայց՝ ընդամենը:
Թեպետ, «հին» նախաձեռնությունից Մաքսիմ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ իրենք հուլիսի 4-ին, այսինքն՝ այսօր, լինելու են Գյումրիի Թատերական հրապարակում, որտեղ երեկոյան՝ ժամը 18:00-ին, հանրային քննարկում են հրավիրել: Նրա խոսքով, քննարկելու են հարցը, թե ինչպես ակտիվացնեն մարզերի ու մայրաքաղաքի ակտիվ կապը, մարզերից մարդկանց ներգրավվածության հարցը:
Կարծում ենք, շատ ավելի հետաքրքիր է Մաքսիմ Սարգսյանի հայտնած այն տեղեկությունը, որ իրենց նախաձեռնությունն այս ընթացքում կազմակերպում է աուդիտի հետ կապված ուսումնասիրություններ, տնտեսագետների հետ են հանդիպում: Մի խոսքով, անում են այն, ինչը թերևս ավելի վաղ պետք է իրականացրած լինեին: Բայց լավ է ուշ, քան երբեք:
Հետաքրքիրն այն է, որ այսօրինակ տրամաբանական քայլերին զուգահեռ նրանք նպատակահարմար են գտնում տվյալ փուլում շարունակել «փողոցային պայքարը»:
Թերևս կարելի է կարծել, որ երիտասարդությանն ու մայրաքաղաքի բնակիչներին դուր է եկել մայրաքաղաքի կենտրոնում ևս մեկ հանրային զբոսավայր ունենալը: Մի քիչ երևակայությանը զոռ տալու դեպքում կարելի է մտածել, օրինակ, հետագայում Ֆրանսիայի հրապարակից Սահմանադրական դատարան ընկած հատվածը դարերով փակելու և հետիոտն փողոցի վերածելու, հընթացս մայրաքաղաքի այդ հատվածը շրջանցող ուղիները կարգավորելու մասին: Աղբամաններն էլ կարելի է պահել որպես յուրօրինակ հուշարձան: Մեկ է՝ պլաստիկ նյութերից են և շուտ չեն մաշվի:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ցուցարարների կամ հոսանքի թանկացման դեմ ակցիայի նոր նախաձեռնողների կողմից պողոտան փակ պահելը թերևս մի քանի նպատակ կարող է հետապնդել: Նախ՝ դա ամեն դեպքում ակցիայի վայր է և ինչ-որ մի օր կարող է այնպիսի մի բան լինել, ինչը միգուցե նորից մարդկանց կբորբոքի ու «կբերի այստեղ»: Այսինքն՝ դա իրավիճակը լարելու (միտումնավոր կամ ըստ որևէ իրադարձության) պատրաստի «օջախ» է:
Մյուս կողմից՝ հնարավոր է, նոր նախաձեռնողները, որպես երիտասարդ առաջնորդներ (բացառությամբ, իհարկե, «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանից), կայանալու, ճանաչելի դառնալու խնդիր են լուծում, և ակցիայի շարունակվելը նպաստում է դրան:
Ակցիան, իհարկե, կարող է և այլ վայրում շարունակվել, հաշվի առնելով, թե որքան են նոսրացել մասնակիցների շարքերը, բայց ակտիվիստները խնդիր են դրել պողոտան փակ պահել: Դա գուցե երիտասարդական քմահաճույք է թվում, կամ գուցե իրենք մտածում են, որ այդպես մեծ անհարմարություն են պատճառում իշխանություններին: Հնարավոր է:
Բայց առայժմ իշխանությունները, մանավանդ այս վերջին օրերին, հասկացնում են, որ իրենց առանձնապես չի հետաքրքրում և հուզում՝ ցուցարարներն ազատե՞լ են պողոտան, թե՞ ոչ: Եվ Բաղրամյանի փակ լինելը մի տեսակ ինքնանպատակ քայլի է վերածվում:
Երիտասարդ նախաձեռնողները՝ թե՛ հին, թե՛ նոր, թերևս չեն ուզում ընդունել այն պարզ իրողությունը, որ ինչքան էլ պայքարի մեկնարկին կարևոր էր հենց իրենց հաստատակամությունը, շարունակության և պայքարի թափ հավաքելու հարցում վճռորոշ էր հասարակության գրեթե բոլոր խավերի մեծ ու միասնական աջակցությունն ու անմիջական ներգրավումը: Այսինքն՝ հասարակության, այս դեպքում արդեն ոչ միայն տարբեր խավերի, այլև ոչ միայն երիտասարդ քաղաքացիների աջակցությունն ու մասնակցությունն էին, որ թույլ տվեցին որոշակի արդյունքներ արձանագրել:
Բայց հասարակության մի զգալի մասը, ինչպես դժվար չէ դա նկատել, այժմ կողմնորոշված է իշխանության նախանշած քայլերին ու դրանց արդյունքներին սպասելուն: Հետևաբար ակցիայի նախաձեռնողներն էլ պետք է կարողանային զգալ այդ տրամադրությունն ու տվյալ փուլում փորձեին այլ հարթակներում և այլ դրսևորումներով շարունակել պայքարը:
Այնինչ նրանց մի մասը որոշեց շարունակել նստացույցը: Մի բան, որ կարող էր բերել և բերեց նրան, որ այդ ակցիայի հանդեպ հասարակության չասենք՝ վերաբերմունքը, բայց առնվազն հետաքրքրությունը նվազեց: