ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ԱԺ իմ հայտարարությունը 13.11.2012
Նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ծանրակշիռ օրակարգ ձևավորելու որոշ քաղաքական ուժերի անթաքույց ձգտումը նրանց մղել է իռացիոնալ, մեր քաղաքական իրականությունից դուրս, հասարակության քաղաքական պահանջմունքներն ու ակնկալիքները ակնհայտ չբավարարող քայլերի: 
Ի՞նչ ասել է անցում կառավարման խորհրդարանական ձևին: Շատ լուրջ և ծանրակշիռ գաղափարներ, միայն այն պատճառով, որ ներկայացվում են անպատեհ և ոչ պատեհ մարդկանց կողմից, ուղղակի վնաս են կրում՝ կորցնելով գաղափարի իրական արժեքը:
Անկեղծ ասած, ես չեմ համարում, որ մենք ունենք բավականաչափ կայացած կուսակցական համակարգ և պառլամենտարիզմի խորը ավանդույթներ, որոնք կոչված են ապահովել այդ անցման օրանաչափությունը: Քաղաքագիտական լուրջ վերլուծություններ այստեղ չեն պահանջվում, ընդամենը տեսնենք, թե ինչ է կատարվում կուսակցությունների սկզբունքների և քաղաքական կուրսերի հետ, թե ինչպես և հատկապես՝ ինչ հիմքերով են միավորվում և տարրանջատվում քաղաքական միավորումները:
Կարելի է բերել հարյուրավոր օրինակներ, կողմ և դեմ փաստարկներ՝ թե կիսանախագահական և թե խորհրդարանական կառավարման մոդելի օգտին: Սակայն տեսնենք, թե ինչպես է այսօր ձևավորվում Խորհրդարանը: Կարծես ընդունելի քաղաքական նորմ է մեր քաղաքական կյանքում, երբ կուսակցությունը կազմում է համամասնական ցուցակ, իսկ ընտրությունների ավարտից հետո միանձնյա է որոշում տվյալ ցուցակի հետագա ճակատագիրը՝ շատ ժամանակ անգամ ուժի սպառնալիքի ներքո կորզելով ինքնաբացարկներ, այսպիսով ապահովելով «ձեն բերող տղերքի» համար այդ ցուցակում համապատասխան անցողիկ տեղեր: Ասածս չի ենթադրում, որ մեծամասնականն ունի առավելություն, սակայն 100% համամասնականի դեպքում սա վտանգ է: 
Եվ շատ կարևոր հանգամանք՝ մեկ առանցքային դրույթ է անուշադրության մատնվում՝ մեր պետությունը ներկայումս գտնվում է «ոչ պատերազմ – ոչ խաղաղություն» կարգավիճակում, և քաղաքական դաշտի երբևէ առաջարկվող ամենալուրջ փոփոխությունն արվում է շուտափույթ, առանց կշռադատելու իրական և թվացյալ վտանգները:
Հարց եմ ուղղում մեր գործընկերներին՝ խորհրդարանական կառավարում ունենալու դեպքում, երբ հրատապ որոշումների կայացման պատասխանատվությունը կրում է Խորհրդարանը, և նման դեպքերում այն կանգնելու է կոնսոլիդացման խնդրի առջև, արդյոք չե՞ն կրկնվելու դեպքեր, երբ, օրինակ, Ռամիլ Սաֆարովի դեպքի հայտարարությանը կարելի է դեմ քվեարկել կամ բոյկոտել այն կառավարության բյուջեի կատարողականի քվեարկությունը, որի մասն է հանդիսացել հենց բոյկոտող քաղաքական ուժը... 
Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև տվյալ խնդրի վերաբերյալ հասարակության լայն շրջանակների քար անտարբերությունը՝ ուզում եմ մեր գործընկերներին առաջարկել այլ հիմնախնդիրների վրա կառուցել իրենց քաղաքական հաշվարկներն ու օրակարգը: Մենք գալիք նախագահական ընտրություններում կողմնակիցն ենք միմիայն գաղափարական, իրատեսական ծրագրերի և երկրի զարգացման տեսլականի վերաբերյալ քաղաքական բանավեճի: 
Հավատացնում եմ, որ խորհրդարանական կառավարման հարցը ժամանակավրեպ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել