Արցախում պետք է հանրաքվե անցկացնել: Մանրամասնեմ: Պաշտոնական Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը որպես բարի կամքի դրսևորում և փոխզիջում: Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա փոխզիջումը դառնում է անիմաստ: Պատերազմի դեպքում, ռազմաճակատում բանակն իր գործը կանի, բայց դիվանագիտական ճակատը ևս կարևոր է: Այդ դեպքում ՀՀ-ն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում պետք է պաշտոնապես ճանաչի երկու բան` ԼՂՀ անկախությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արդեն երրորդ անգամ եմ խոսում այն մասին, որ 1991 թվականին նորանկախ ադրբեջանական պետությունն իրեն հռչակել է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ: Միջազգային իրավունքը սահմանում է, որ իրավահաջորդ պետությունը ժառանգում է իրավանախորդի տարածքը, միջազգային պարտավորությունները և այլն: Ինչպես գիտենք, լեռնային և դաշտային Արցախը, Նախիջևանը ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո մուսավաթական Ադրբեջանի կազմում չեն եղել: Առանց ավելորդ գլխացավանքի, այլևս չենք վիճարկում խորհրդային տարիներին Արցախի և Նախիջևանի՝ ադրբեջանական ՍՍՀ կազմ մտցնելու հարցը կամ ԼՂՀ հռչակումը, ունենում ենք որպես հաղթաթուղթ մուսավաթական Ադրբեջանը, ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, որից բխում է, որ Լեռնային Ղարաբաղը, Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը նրա կազմում չեն, այլ ՀՀ կազմում: Մարդիկ 1991թ.-ին իրենց սկուտեղի վրա մեզ են մատուցել: ԼՂՀ ճանաչման մասին: Ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ՀՀ մաս է դառնում, բայց... Բայց, որպես չափազանց դեմոկրատ երկիր, ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, իսկ ԼՂՀ-ում անցկացվում է հանրաքվե: Հանրաքվեում քննարկվում է ԼՂՀ-ի՝ ՀՀ կազմի մեջ մտնել-չմտնելու հարցը: Սա արդեն կլինի ներհայկական հանրաքվե: Այ այդ ժամանակ պառակտվելու փոխարեն կքննարկենք, թե ինչ կարգավիճակ ենք ուզում` մեկ ազգ, մեկ երկիր, երկու ազգային պետություն, թե` մեկ ազգ, մեկ երկիր, մեկ ազգային պետություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել