Պայքարի քաղաքացիական հարթության մասին արգումենտները, որ բերվել են «Ոչ թալանին» շարժման կամ այսօրվա համակարգողների կողմից, ինքս ընկալել եմ ոչ թե այնպես, որ այն, ինչ արվում է, կապ չունի քաղաքականության հետ, այլ որ այն politics (քաղաքականություն` իշխանության համար պայքար, իշխանության գալու համար պայքար) չէ, ինչով զբաղվում են կուսակցությունները: Այսինքն՝ այն policy (ինչը հայերեն նույնպես թարգմանվում է որպես քաղաքականություն, որի պատճառով էլ շփոթ կա ներկայիս դիսկուրսներում) խնդրի շուրջ քաղաքացիական շարժում է, որը չի հետապնդում իշխանափոխության նպատակ: Միանգամայն ճիշտ է, ինչպես որ դա աշխարհի շատ այլ երկրներում էլ կա:
Ես միանգամայն լեգիտիմ եմ համարում նաև նույն այս խնդիրներով քաղաքական պայքարի, քաղաքական շարժման ու politics-ի գոյությունը, բայց չեմ հասկանում, եթե ինչու են մեղադրում «քաղաքացիականներին», եթե նրանք էլ քաղաքագիտական առումով ճիշտ են, ինչպես քաղաքականները: Խոսքը չի վերաբերում որոշ ՀՀԿ-ականների մարազմատիկ դատողություններին, ովքեր միշտ կոչ են արել չքաղաքականացնել քաղաքական խնդիրներն ու ինստիտուտները` ԱԺ ամբիոնը, կառավարությունը, նախագահական ինստիտուտը, անգամ ընտրությունները:ՃՃՃ
Այնպես որ, politics-ի կողմնակիցներն ազատ են իրենց լեգիտիմ օրակարգը հաստատել, հետապնդել: Բայց, կարծում եմ, ճիշտ չէ գալ, խառնվել քաղաքացիականների շարքերը, policy-ի կողմնակիցներին պարտադրել, թե ինչու նրանք politics չեն անում: Բացատրությունը շատ պարզ է. նրանք քաղաքական ուժ չեն և ինչպես արդարացիորեն խոստովանում են՝ ի վիճակի չեն դրա տակից դուրս գալ, այդպիսի ռեսուրս չունեն:
Հետևաբար նրանց այսպիսի պատասխանից հետո պետք է ոչ թե նրանց քննադատել, այլ ապացուցել, որ ճիշտը politics-ն է` իշխանափոխության խնդիր դնելն ու այն լուծելը, և դա կապ չունի, թե որտեղ` Բաղրամյան պողոտայում, թե՝ Ազատության հրապարակում: Առավել զարմանալի է, որ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն են պահանջում «քաղաքականացնել» շարժումը: Եղբայր, արեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։