ՄԻԱԿ քարտուղար |
Ինձ միշտ թվացել է, որ քաղաքականությամբ զբաղվելը պահանջում է որոշակի քաղաքական գիտելիքներ ու հմտություններ: Իսկ ավելի վաղ՝ ռոմանտիկ տարիքում, ինձ համոզում էի, որ քաղաքական գործիչը մասնագիտություն է: Սակայն գնալով հասկացա, որ իրականության մեջ այս ամենը մեծ խաբկանք է: Օրինակ, որ ժամանակին Կախա Քալաձեն ընդամենը լավ ֆուտբոլ է խաղացել, պարզվում է, որ կարող է դառնալ էներգետիկայի նախարար, կամ Կլիչկո եղբայրները, լավ բռնցքամարտիկներ լինելով, մի ամբողջ քաղաքական միավոր կարող են անցկացնել Խորհրդարան, էլ չհաշված Բլոխինին և նորահայտ քաղաքական գործիչ Շևչենկոյին ու այսպես շարունակ: Այս տեսանկյունից ինչո՞վ է պակաս մեր Հենոն, կարծում եմ մի տասը տարի հետո նա էլ կարող է լինել, ասենք, խիստ պահանջված բնապահպանության նախարար: Թող տպավորություն չստեղծվի, որ այս ամենի մասին արտահայտվում եմ հեգնանքով... Պարզապես երբ փորձում ես հասկանալ, թե որտեղից են գալիս քաղաքական կառավարման համակարգի արատները, հանկարծ քեզ համար պարզում ես մի տրիվյալ ճշմարտություն. որ դրանց առյուծի բաժինը տարրական պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանք է:
Ասվածից ամենևին չի հետևում, որ Հենոն չի կարող լավ բնապահպանության նախարար լինել, պարզապես նա այնքան խոհեմ է, որ իր բարձր ժողովրդականությունը երբեք չի օգտագործի քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար: