Եթե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ պաշտոնական Կիևն ու Քիշնևը Մերձդնեստրի Հանրապետության և Ուկրաինայի սահմանային անցակետում համատեղ մաքսային վերահսկողություն իրականացնելու ծրագիր են մշակել, ապա մոտ ապագայում կարելի է այդ մերձսևծովյան տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացումների սպասել: Նման ծրագրի իրականացումը միայն մեկ նպատակ կարող է ունենալ՝ այդ կերպ Ուկրաինան իր կողմից հնարավորություն է ընձեռում Մոլդովային իր վերահսկողությունը սահմանել Մերձնեստրի միջազգային առևտրական գործարքների՝ արտահանման ու ներմուծման հանդեպ: Դա կնշանակի նաև Տիրասպոլի վերահսկողության տակ գտնվող մոլդովական երբեմնի տարածքների հանդեպ Քիշնևի ինքնիշխանության գոնե մասնակի վերականգնում: Այս իրավիճակում ՌԴ իշխանությունները պետք է կարողանան արագ կողմնորոշվել և կամ հանձնել Մերձդնեստրն ու այնտեղից դուրս բերել ռուսական խաղաղապահների զորախումբը, որն առ այսօր, ըստ էության, հանդիսանում էր Մերձդնեստրի՝ Մոլդովայից փաստացի անկախության պահպանման երաշխավորը, կամ նախապատրաստեն արդյունավետ հակազդեցության համալիր ծրագիր, որը նաև կնախատեսի ռազմական միջոցների կիրառում: Մերձդնեստրի փաստացի անկախության վերացման արևմտյան ծրագրի իրականացումը բարդ խնդիրներ է առաջացնելու պաշտոնական Մոսկվայի համար՝ իր անկախությունը հռչակած այդ ռուսաբնակ երկրամասը ելք չունի դեպի ծով ու սահմանակից է միայն Ուկրաինայի և Մոլդովայի հետ: Հատկապես ուկրաինական ճգնաժամի արդյունքում արձանագրված ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում պաշտոնական Կիևի մասնակցությունը Մերձդնեստրի շրջափակմանը կանխատեսելի էր և Միխաիլ Սահակաշվիլիի նշանակումը Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում այս ուղղությամբ կատարված առաջին քայլը կարելի է համարել: Եթե գործը հասնի ռազմական բախման, ապա Տիրասպոլը կատարյալ շրջափակման պայմաններում պաշտպանական պատերազմում հաղթելու հնարավորություն դժվար թե ունենա. ստիպված է լինելու նվազագույնը ուկրաինական տարածքների հաշվին միջանցք բացել դեպի ծով, կամ էլ պետք է դառնա Ուկրաինայի մերձսևծովյան շրջանների ռուս և ռուսալեզու բնակչության հակակիևյան ապստամբությունը խթանող գործոն: Առանց Ռուսաստանի աջակցության ու հովանավորության Մերձդնեստրի ներուժը բավարար չի լինի այս տարբերակներից որևէ մեկն իրականացնելու համար: Մերձդնեստրի խնդրի համատեքստում Կրեմլի ապագա որոշումից կախված կլինի նաև այն, թե ինչպիսի ընթացք կունենան հետագա զարգացումները ոչ միայն այդ տարածաշրջանում. այն կկանխորոշի նաև ԵՄ ճակատագիրն ու իր անմիջական ազդեցությունը կունենա Հարավային Կովկասում ու նրան հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների վրա: Իրականում Ռուսաստանի մասնակցությամբ պատերազմական գործողությունների սկիզբը Մերձդնեստրում կարող է դառնալ ԵՄ քայքայման նախերգանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/635775113224850?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել