Բաղրամյան պողոտայում շարունակվող ընդդեմ սակագների ակցիան գաղափարական առումով մարման շեմին է, միակ բանը, որը վերջնական թույլ չի տալիս մարելու այն, պողոտան որպես ժամանցի անվճար ու յուրօրինակ վայրի վերածումն է:
Այն ցուցարարների նվազագույն քանակ պահելու տեսանկյունից գուցե արդարացված է, սակայն հանրության տեսանկյունից քիչ-քիչ այն սկսում է այլ կերպ ընկալվել:
Սա տեսանելի է հենց միայն այն տեսանկյունից, որ եթե Բաղրամյան պողոտան փակելու առաջին շաբաթվա ընթացքում հանրության լայն զանգվածները մեծ խանդավառությամբ ընդունեցին այս քայլը (նույնիսկ իշխանական պատգամավորներն էին ողջունում), ապա այս փուլում հակառակ պրոցեսն է տեղի ունենում:
Ճիշտ է՝ ցուցարարների պահանջի բավարարման մասին վերջնական արձագանք իշխանության կողմից չի հնչել, սակայն «ընթացիկ մարտերում» իշխանությունից հաղթանակ կորզելով՝ հանրությունը փաստացի զիջումներ ստացավ:
Սակայն խնդիրն այն է, որ պրոցեսն այս փուլում տեղափոխվել է մասնագիտական քննարկումների-վերլուծությունների դաշտ, իսկ փողոցում նման հարցեր չեն լուծվում: Ավելին, այս հարցում հանրության շրջանում էլ կոնսենսուս կա, ինչը նշանակում է, որ պողոտան փակ պահելու բոլոր ռեսուրսները սպառվում են: