Երբ մենակ եմ մնում ու սկսում եմ խորհել ինձ հետ պատահած հաճելի ու տհաճ դեպքերի մասին, սկսում եմ միառժամանակ սիրել ու ատել կյանքը: Հիասթափություն ապրելու դեպքում երբեմն ուրախանում եմ, քանզի բացահայտում եմ շրջապատս: Ընկերները ոչ միշտ են մնում ընկերներ՝ նրանք նաև դավաճանում են: Չգիտեմ՝ կա՞ արդյոք աշխարհում նվիրված ու հավատարիմ ընկեր: Կա՞ այդպիսի մեկը, որը համապատասխանում է «ընկեր» հասկացողության բոլոր չափանիշներին: Երևի կյանքն առանց ընկերների տխուր կլիներ: Եթե չունենայիր ընկեր, չէր լինի այնպիսի մեկը, ում հետ կկիսվեիր մտքերով, հույզերով, գաղտնիքներով: Երևի կան իսկական ընկերներ, շատ կցանկանամ հանդիպել այդպիսի մարդկանց: Ես սիրում եմ այն կյանքը, որով ապրում եմ: Ճիշտ է, շատ եմ բողոքում, քննադատում, շատախոսում, բայց, միևնույն է, սիրում եմ: Իսկ ինչքա՜ն տհաճ է, երբ հիասթափվում ես: Երբ հուսահատվում ու ցավ ես զգում, ուզում ես փակել ամեն ինչ, կողպել ու նետել բանալին անդունդը, որտեղ ոչ ոք այն երբեք չի գտնի:
Նյութի աղբյուր՝ http://esaystexem.blogspot.com/2012/11/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել