Քանի որ երեկ Բաղրամյան պողոտայում Հայրիկյանի հետ կապված դրվագի առնչությամբ կարծիքներ հնչեցին, որ չէր կարելի անկախության խորհրդանիշի, խորհրդային այլախոհի հանդեպ այդպես վարվել, որ իր հանդեպ վերաբերմունքը Եվրամիության դեմ էր, որ անողները ռուսական չեկիստ-մեկիստ էին, այսպիսով վարկաբեկվեց եվրոպական արժեքային համակարգն ու էլի եսիմ ինչ-որ բաներ, պետք է մի բան հիշել.
Հարգելի՛ ընկերներ, Հայրիկյանն իր վարք ու բարքով, իր գործունեությամբ, տեղ-տեղ անգործունեությամբ այնպես է արժեզրկել ցանկացած արժեքային համակարգ, որոնց իբրև թե կրողն է նա: 
Հա, ընդունում ենք, որ խորհրդային տարիներին զրկանքներ է տարել, այլախոհ է եղել, բայց հենց ինքն է այլասերել այլախոհի կերպարը: Եվրոպական արժեքներ կրող մարդը չի գնում, պերմանենտ ժողովրդի թիկունքում իշխանությունների հետ գործարքի մեջ մտնում: 1998-ին Հայրիկյանը թքե՞ց ժողովրդավարական արժեքների վրա, գնա՞ց գործարքի Քոչարյանի հետ, աչք փակե՞ց ընտրակեղծիքներ վրա: Արել է, չէ՞, այս ամենը: Մի հատ իքի-բիր պաշտոնի համար: 2013-ին գնա՞ց գործարքի Սերժ Սարգսյանի հետ: Գնաց: Կառավարությունից ստացա՞վ իր հիսուն հազար դոլարը: Ստացավ: Դատարանով պարտադրե՞ց Վարդան Սեդրակյանին դրա, եթե չեմ սխալվում, կրկնապատիկը փոխհատուցել: Պարտադրեց: 
Լավ, էդ հեչ: Այս մարդու մեծամտությունը, բոլորի հանդեպ քամահրական վերաբերմունքը, անընդհատ իր անցյալը վեր դասելն ամեն ինչից, եվրոպական արժեքային համակարգի մաս ե՞ն կազմում: 
Անցած տարի սեպտեմբերի 21-ին, այսինքն՝ մեր Անկախության օրը, մարդը Եվրամիության դրոշով Հանրապետության հրապարակ էր դուրս եկել: Հիմա որ Գեղամյանն էլ ԱՊՀ-ի կամ Ռուսաստանի դրոշով այնտեղ կողքին կանգներ, նրանց միջև տարբերությունը ո՞րն էր լինելու: 
Նույնն էլ երեկ եղավ: Եվրամիության դրոշ չէ, Քրիստոսի նկարով էլ գնար, դրանից ինքը չէր դադարելու մնալ նույն մեծամիտը, որն իր ամբողջ քաղաքական, գաղափարական ռեսուրսը սպառել է, վատնել է, քամուն է տվել: Ու նրան մնացել է միայն, շոումենի պատմուճանը վրեն գցած, տեսարաններ սարքել, որոնք վաղուց հասարակության գերակշիռ մեծամասնության կողմից միայն ժպիտով են ընկալվում:
Հունիսի 24-ին, այսինքն՝ Բաղրամյան պողոտայում նստացույցի ջահելներին ու լրագրողներին ծեծելուց հետո հայտարարում է, թե ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը Բաղրամյանում զորք ու տանկ չկիրառեց: Ու դրանից հետո մարդը գնում է այնտեղ: Սրանից ավել ի՞նչ ասեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել