986. Հին գործակալություն կոնցլագերից ։)
Էն, որ արդեն 25 տարի պարբերաբար այս ու այն կողմից ամենատարբեր մարդկանց հասցեին հրապարակավ ու ծածուկ «ԿԳԲ-ի գործակալ» պիտակն է հնչում, երեկ էլ Հայրիկյանին հերթական անգամ այդպես կոչեցին, ինչ է թե ԵՄ դրոշն էլ էր բերել Բաղրամյան պ.՝ մեր դրոշի հետ, քանի գնում, ինձ համոզում է, որ
1. Թե մի բան կա էս անվանարկումների հիմքում, այն է, որ ապգրեյթ ԿԳԲ-ն է զբաղվում այս գործով, ուղիղ կամ միջնորդված, իր հաստիքային, արտահաստիքային գործակալների ու սպունգից չտարբերվող ուղեղներով իմաստակների միջոցով։ Ասա Հայրիկյանի տանձի՞ն է՝ ԿԳԲ-ից պատվեր ստանալը։ Նրան, ում երբեմն ինձ անհասկանալի քաղաքական վարքի համար քննադատել եմ, իբր այդ դրոշներով Բաղրամյան ուղարկելով՝ բախումներ հրահրելու սցենարում, դերակատարություն վերագրելը նույնն է, թե… բոլորս ենք Լուբյանկից ։)
2. Ընդհանրապես, քանի դեռ քավարան չենք անցել, լյուստրացիայով կամ այլ եղանակով թացուչոր չենք պարզել, չենք բացվել ու մաքրվել, ԿԳԲ-ի սինդրոմն ահռելի է մնալու, խորն ու ծանր է նստած մնալու մեր հասարակական-քաղաքական կյանքում, ով ում ուզի մեր ու լավ քրֆել, այնպես որ, սեռական բնույթի հայհոյանք չլինի, ասելու է՝ ԿԳԲ-ի ագենտ։ Հետո ասողներին են այսպես ասելու… Այս վիճակն, իհարկե, ռեժիմի մեղրամիսն է արդեն 25 տարի. համատարած անվստահության ու կասկածի միջավայր, երբ անգամ արյունակիցներն են երբեմն իրար կասկածում։
3. Մարդկանց հենց այնպես նման պիտակ չի կարելի կպցնել, մանավանդ երբ դա երեխաները չեն անում։ Արդեն խնդալու էլ չէ։
Կարծիք կհարցնեք Հայրիկյանի բերած ԵՄ դրոշների մասին։ ՀՀ Սահմանադրության մեջ իստակ գրած է այդ իրավունքը, համախոհ չեք, հեռու կանգնեք մի քիչ, լիքը տեղ կա Բաղրամյանում։ Ի դեպ, հիշեցնեմ, որ հավաքը հիերարխիկ չէ, չկան հրամայողներ և կատարողներ։ Մեկը լույսի գինն է համարում միակ խնդիրը, մյուսը համարում է, որ դա թեթև հետևանք է Սերժիկի՝ իշխանության զավթման, մեկը համարում է, որ պիտի երթով գնա Բաղրամյան-26, մյուսը կարծում է՝ Ազատության հրապարակն է ճիշտ տեղը, երրորդը՝ ԵՄ-ն կլուծի մեր հարցերը… Հարգելինե՛րս, ես համոզված եմ, որ միայն բազմազան գաղափարների ազատ ու բաց հրապարակումներն են խնդիրների լուծման տանում, ոչ թե արտասովոր գաղափարների խեղդումն ու խեղումը։ Արհեստական կամ զոռով համախմբումը կամ համախմբվածությունը ստից բան է։