Ապրիլ ամսին, երբ կայացավ «System of a Down»-ի համերգը, որին ներկա էին տասնյակ հազարավոր երիտասարդներ և ոչ միայն, շատերը զարմացել էին, թե այդ որտեղի՞ց այդքան շատ ռոք լսողներ հայտնվեցին Հայաստանում: Զարմացել էին անձրևի տակ թրջվող, բայց խմբի հետ երգող, հարյուրամյա վշտի ու ցավի միջից երգող ու վերածնվող ազգի վրա, սերնդի վրա:
Այդ օրը ես տանն էի (թե ինչու համերգի չէի գնացել, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ ու ինձ ներել դրա համար, բայց դա հիմա էական չի) և հեռուստացույցով էի հետևում այդ ամենին ու համոզվում, որ անկախության սերունդը, որի հետ ես կապում եմ մեր երկրի պայծառ ապագան, գոյություն ունի, և այն լավագույնն է մեր մի քանի հազարամյա պատմության մեջ:
Այդքան ժամանակ ես ինձ ու բոլորին բացատրում և ապացուցում էի, որ այն սերունդը, որից շատերն այդքան բողոքում են, ավելի քան լավն է, որ այդ սերունդն ավելիին է հասնելու, քան անգամ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտեր հաղթած ու Արցախ ազատագրած սերունդները: Հեռուստացույցով նայում էի նրանց աչքերին ու տեսնում այն ուժն ու եռանդը, կամքն ու քաջությունը, որ մեզ Արևմտյան Հայաստան են վերադարձնելու, որ հզոր և կայուն Հայաստան են ստեղծելու: Անձրևը թրջում էր նրանց հագուստը, նրանց մարմինները, բայց նրանց հոգիներն ու սրտերն անհնար էր թրջել:
Ու երբ սկսվեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը, ես գիտեի, ես վստահ էի, որ մենք կտեսնենք այդ սերնդին, որ մենք կզգանք այդ սերնդի ուժն ու պոտենցիալը: Ու ցույցի առաջին իսկ օրն Ազատության Հրապարակում երգեցին ազգային երգեր ու պարեցին ազգային պարեր, ու հնչեցին «System of a Down»-ի երգերը, որոնք ևս մեկ անգամ անցան նրանց մարմինների, երակների միջով, ինչպես ապրիլին նրանց թրջված մարմինների միջով: Ու այդպես շարունակվեց ամեն օր ու կշարունակվի հավերժ, որովհետև սա անկախության սերունդն է, ու այս սերունդը ծնելու է ավելի լավ ու ավելի անկախ սերունդ:
Ու կեցցե՛ այն Հայաստանը, որն այսօր է կերտվում, ու կեցցե՛ այն Հայաստանը, որ այս սերունդն է կերտում...