Ռուսաստանը հերթական անգամ ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ոնց են դրան վերաբերվում տարածաշրջանում և Հայաստանում ու Ադրբեջանում առանձին-առանձին, ինքն իր ուրույն խաղն է խաղում սպառազինությունների վաճառքի և մատակարարման հարցում։
Մասնավորապես, մամուլում վաղուց հրապարակումներ կային, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառել է Իսկանդեր տեսակի տակտիկական հրթիռային համակարգեր, իսկ այժմ էլ խոսվում է, որ օրեր առաջ ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի՝ Հայաստանին արտոնյալ պայմաններով կտրամադրվի 200 միլիոն դոլարի վարկ, իսկ ավելի ճիշտ՝ դրան համարժեք զենք։ Ըստ անանուն աղբյուրների՝ խոսքը գնում է Իսկանդեր Մ տեսակի հրթիռային համակարգերի մասին։
Եթե սա իրականություն է, ապա վերջին ամիսների ընթացքում խաթարված ուժային բալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրկին հավասարակշռության է եկել, ու եթե ադրբեջանցիներին ավելի վաղ վաճառել էին միլիարդ դոլար տանկեր ու հրետանային համակարգեր, ապա մեզ վաճառել են զենք, որն ի զորու է խոցել Ադրբեջանի ցանկացած կետում տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, ու փաստացի Ադրբեջանը չունի դրան հակազդելու ոչ մի միջոց։ Այլ կերպ ասած, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը գործ է ունենալու ոչ միայն այն ռիսկի հետ, որ բուն ռազմաճակատում կարող է չկարողանալ իրացնել քանակական ու տեխնիկայի որակական առավելություններ մեր ԶՈւ հանդեպ, նաև պետք է հաշվի նստի այն ռիսկի հետ, որ Հայաստանն ի զորու է խոցել ցանկացած ռազմավարական կետ՝ լինի դա Մենգեչաուրը, թե Ապշերոնյան նավթաարդյունաբերական օբյեկտները, թե անգամ Ալիևի նստավայրը։ Խնդիրը նրանում է, որ Իսկանդեր Մ-ն ունի ոչ միայն բավարար հեռահարություն՝ դա անելու համար, այլև ունի տեխնիկա-տեխնոլոգիական այնպիսի առավելություններ, որոնք դրա արձակած հրթիռները գրեթե անխոցելի են դարձնում Ադրբեջանում գործող ՀՕՊ համակարգի համար։