Եվրամիությունն ու Հայաստանն արձանագրել են էական առաջընթաց Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի օրը հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` այս թեմայի շուրջ հրավիրված սեմինարի ընթացքում:
Ըստ դեսպանի` առաջընթացը կապահովի մուտքի արտոնագրերի մատչելիությունը եւ կբարելավի համագործակցությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ: ԵՄ երկրներ մեկնող մարդիկ ավելի հեշտ ու էժան կստանան մուտքի արտոնագրեր: Օրինակ՝ ներկայիս 60 եվրոյի փոխարեն կվճարեն արդեն 35 եվրո: Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ քաղաքացիների որոշ կատեգորիաների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Խմբի մեջ մտնում են ուսանողներ, արվեստի, սպորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչներ, ճանապարհորդներ, ինչպես նաեւ առողջական նկատառումներով ճանապարհորդող, սփյուռքահայ կազմակերպությունների կողմից հրավեր ստացած անձինք: Այս մասին էլ իր ելույթի ընթացքում նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԵՄ բաժնի պետ Մհեր Մարգարյանը:
«Մեծանալու է բազմակի վիզաների քանակը, մինչեւ հինգ տարի ժամկետով կտրվեն վիզաները վերոհիշյալ կատեգորիաներին: Առաջնահերթ նպատակն է վիզաների դյուրացման միջոցով խթանել միջմարդկային կապերը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ», - ասաց Մարգարյանը:
Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը չի կարգավորում կենսաչափական անձնագրերին առնչվող խնդիրներ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` այդ դեպքում ինչո՞ւ շրջանառության մեջ մտան 25 հազար դրամ արժողությամբ այդ անձնագրերը, որոնք որպես առավելություն ենթադրում էին հենց դյուրին ճանապարհով մուտքի վիզայի ստացում, Մարգարյանը պատասխանեց. «Ակնկալվում է, որ հետագայում կենսաչափական անձնագիր ունեցողները կարող են ավելի արագացված կամ դյուրացված ընթացակարգերով մուտք գործել Եվրամիություն` թեկուզ այնտեղի սահմանակետերը հատելու առումով»:
Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են փոխել համաձայնագրերի վավերացման բնականոն ընթացքը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ասաց, որ սա իրավական գործընթաց է եւ պետք է չէ կապել քաղաքական միջոցառումների հետ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրվեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը: Ռեադմիսիան ենթադրում է ԵՄ տարածքում անօրինական բնակվող ՀՀ քաղաքացիների ետ ընդունման գործընթաց: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այս առիթով ասաց, որ այսօր որեւիցե մարմնի հայտնի չէ, թե ինչքան մարդ է ապօրինի ապրում արտերկրում: Ըստ նրա` 90-ական թվականներից սկսած միգրացիոն հոսքերի 8-9 տոկոսն ուղղված է եղել ԵՄ երկրներ:
Ռեադմիսիան թեպետ դիտվում է որպես անկանոն միգրացիայի պայքարի միջոցներից մեկը, սակայն շատ ավելի կարեւոր է ռեինտեգրացիան, որպեսզի մարդու համար միջավայր ստեղծվի, եւ նա նորից չմտածի արտագաղթելու մասին: Եգանյանն ասաց, որ այս ուղղությամբ արդեն ծրագրեր մշակվում են:
«Ծրագիրը, որը սկսվելու է, վերաբերում է վերադարձողների ռեինտեգրացիոն աջակցություն ցուցաբերելուն` 3 միլիոն եվրո բյուջեով, երեք տարի տեւողությամբ: Վեց երկրներ պետք է այդ ծրագիրը իրականացնեն մեզ հետ համատեղ», - ասաց Եգանյանը:
Ակնկալվում է, որ համաձայնագրերը մինչեւ տարեվերջ կստորագրվեն, սակայն ամիսներ կպահանջվեն վավերացման գործընթացների համար: Դեսպան Հրիստեան հույս հայտնեց, որ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի փորձը կօգնի շատ ավելի արագ ու հարթ անցում կատարել:
Հավելենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ` ԵՄ երկրների քաղաքացիները հաջորդ տարվա հունվարից կկարողանան գալ Հայաստան առանց վիզայի: Դեսպան Հրիստեան էլ նշեց, որ այս պայմանագրի հաջող իրականացումը անհրաժեշտ առաջին քայլը կլինի, որը Հայաստանին կտանի դեպի մուտքի արտոնագրի ազատականացման գործընթաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել