Newsline.am-ը գրում է.
Վատիկանը խորհուրդ է տվել Հունաստանի ֆինանսական ճգնաժամը լուծելիս հարգանք ցուցաբերել հույների նկատմամբ: Վատիկանը կարծում է, որ Հունաստանը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված բոլոր փորձերի ժամանակ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել այդ երկրի բնակչության նկատմամբ:
Դրա մասին հայտարարել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին: Նրա խոսքերով` Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր մտքերով հույն ընտանիքների հետ է, որոնք մեծապես տառապում են այս իրավիճակից և սուր զգում են սոցիալական ու հումանիտար ճգնաժամի հետևանքները: Լոմբարդին ընդգծել է, որ Հունաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ մտահոգություն է հարուցում: Նա հավելել է, որ Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել հանուն սիրելի հույն ժողովրդի բարօրության: Հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Հունիսի 30-ին Հունաստանն այդպես էլ ԱՄՀ-ին չվճարեց 1.6 միլիարդ եվրո պարտքը` չնայած նրան, որ դա վերջնաժամկետն էր: Պաշտոնապես սակայն դեֆոլթ չի հայտարարվել, քանի որ ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը կարող է վճարման ժամկետը երկարաձգել մեկ ամսով: Հունիսի 30-ին ավարտվել է նաև Աթենքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ծրագրի ժամկետը: Եվրոխումբը հրաժարվել էր երկարաձգել այն: Հունաստանի ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 310 միլիարդ եվրո: