Ինչպես շատ ճիշտ նկատեց ասուլիսի ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնության երեխեքից մեկը, Բաղրամյանը բացել է պետք նաև նրա համար, որ դա սովորական բան չդառնա ու չկորցնի իր ազդեցությունն ու հոգեբանական գործոնը։ Սակայն արի ու տես, որ պոպուլիզմն ու հիստերիկությունը գերակայեցին բանականության հանդեպ, ու Բաղրամյանն արդեն 3-րդ օրն է՝ փակ է մնում ու ոչ թե հանուն ընդհանուր գաղափարի, այլ մի փոքր խմբի քաղաքական ամբիցիաների։
Ի դեպ, հենց սրանով է պայմանավորված նաև այն սակավամարդությունը, որին ականատես ենք լինում։ Եթե դեռ անցած շաբաթ երեկոյան ժամերին Բաղրամյանի վրա լինում էին հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդիկ, ապա հիմա այդ թիվը չի կարողանում անգամ հազարն անցնել, իսկ ցերեկային ժամերին, եթե մի կողմ դնենք լրագրողներին, ապա այնտեղ մնացողների թիվը հազիվ է գերազանցում մեկ տասնյակը։
Ու որքան էլ փողոցում մնացած մարգինալներն ու իրենց ֆեյքերը փորձեն համոզել, որ պատճառը ռեժիմի մանիպուլյացիաներն են կամ էլ պառակտումը կամ էլ էլի եսիմինչ, պարզ է, չէ՞, որ էդ բոլոր գործոնները, չգիտես ինչու, չէին խանգարում մինչև այդ ու հիմա էլ չէին խանգարի, համենայն դեպս այն աստիճան, որ Բաղրամյանում հավաքվեին 90 տոկոսով տարբեր փոքրիկ քաղաքական ուժերի երիտասարդական ոու ոչ միայն երիտասարդական ակտիվները։
Պարզապես մարդիկ՝ սովորական մարդիկ, ովքեր դեռ մի քանի օր առաջ մեծ խանդավառությամբ իջնում էին Բաղրամյան, այսօր տեսնում են, որ մի քանի տասնյակ կասկածելի կերպարներ փորձում են հեծնել այս ալիքն ու օգտագործել իրենց շահերի համար, իսկ սակագնի թանկացումը զուտ պատեհ պատրվակ է ու, բնականաբար, ոչ մի ցանկություն չունի միանալու այդ ֆարսին։ Բայց ցավն այն է, որ այս ֆարսն անհարկի ձգձգվում է, ու որքան ավելի երկար են ներկայիս «կազմակերպիչները» կապիկություններ անում Բաղրամյանի վրա, այնքան ավելի է արժեզրկվում այն ողջ դրականն ու կարևորը, որին կարողացանք հասնել անցած օրերի ընթացքում։ Ու դա միանշանակ բխում է իշխանության շահերից, որովհետև վաղ թե ուշ Բաղրամյանը բացվելու է, իսկ այ մյուս անգամ եթե փակելու խնդիր լինի, հազարավոր քաղաքացիները 10 անգամ կմտածեն կրկին փողոց դուրս գալուց առաջ՝ հիշելով, թե ինչ անճոռնիության վերածվեց նախորդ արդար մղումը։