Բաղրամյանում ոչ մի նշանակություն չունի՝ 10 մարդ է կանգնած, 1000, թե՝ 10000: Նրանք յուրաքանչյուրն էլ մտահոգ քաղաքացիներ են և Բաղրամյան են եկել հենց այդ մտահոգությունը հայտնելու համար: Ի՞նչ էական է նրանց քանակը: Եթե լրատվականներից ոմանք անընդհատ նշում են, որ ցուցարարների թիվը նվազում է, թող բարի լինեն նաև ավելացնել, որ ավելանում է նաև ավելի տարեց մարդկանց հոսքը: Այո, երիտասարդները հավատ արթնացրին ժողովրդի մեջ, այո, երիտասարդների մի մասը գուցե տուն վերադարձավ, բայց նրանց այսօր փոխարինել են ավելի տարիքով մարդիկ: Մի՞թե մեկ շաբաթից ավելի երկար տևող հավաքը չի ստիպելու իշխանություններին հանդես գալ կոնկրետ հավաքվածներին ուղղված նոր հայտարարությամբ, ոչ թե սառը ու հավատ չներշնչող տեքստով, այլ իրոք բարեկամական խոսքով: Մի՞թե դժվար է հարգել ժողովրդին: Այո, ձեր առաջարկը միանշանակ չի ընկալվել ու ընդունվել հասարակության կողմից: Հնարավոր չի՞ արդյոք ընդառաջ գնալ ժողովրդի պահանջին: Ո՞րն է այս պահին ավելի կարևորը:
Այս ժողովուրդը ձեզ և բոլորին ապացուցեց, որ չի եկել Բաղրամյան՝ մայդան-մույդան անելու համար: Այս ժողովուրդն անտեսեց հարցը բառիս բուն իմաստով այլ հարթակ տեղափոխելը, չնայած որ նման դեպքերում հենց այդպես էլ լինում է սովորաբար: Այս ժողովուրդն արժանի է հարգանքի: Բոլորս էլ հասկանում ենք, որ անախորժությունները տեղի են ունենում, երբ հարցի լուծումը ձգձգվում է, ու հետո բոլորով սկսում ենք փնտրել մեղավորների:
Պարզ է, որ այս պահին շատ դժվար է գտնել այն ՄԵԿ-ին, ում ժողովուրդը կհավատա, որովհետև համատարած բարոյազրկվել է ամեն բան, բայց գուցե կարելի է փորձե՞լ:
Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը մեզ հարգի, իսկ ի՞նչ ենք անում մենք ինքներս մեր հետ:
Մի՞թե ողջ համակարգում միայն այն մարդիկ են, ովքեր սովոր են փչացնել բոլորին ու ամեն ինչ: Մի՞թե չկա այն մեկը, որը կառաջարկի լուծման հարգանքի տարբերակը...