Շամբալա
Համաձայն լեգենդի՝ այն գտնվում է ինչ-որ մի տեղ՝ Ասիայում։ Շամբալան շատ կարևոր դեր ունի բուդդայականների կյանքում. այն նաև համարվում է «մաքուր հող»։ Այս վայրը շատ է հիշատակվել հին ձեռագրերում։ Ըստ լեգենդի՝ Շամբալայում ապրում են լուսավորյալները, այն խաղաղության և երջանկության օրրանն է, այդ պատճառով շատերը համարում են, որ Շամբալան գոյություն չունի, և այն պարզապես նախնիների երևակայության արդյունքն է։ Մինչդեռ շատ հավատացյալներ վստահ են, որ այն գոյություն ունի և գտնվում է Տիբեթից արևմուտք ընկած տարածքում կամ Սիբիրում։
Աստլան
Համաձայն միֆերի Աստլանը մի խումբ մարդկանց ծննդավայրն էր, ովքեր զբաղեցնում էին Հարավային Ամերիկայի մեծ մասը, մինչ իսպանացի կոնկիստադորները հայտնվեցին այնտեղ։ Լեգենդի համաձայն՝ այնտեղ գտնվում էին 7 ցեղեր, որոնք ապրում էին Չիկոմոստոկ անվամբ 7 քարանձավներում։ Այս ցեղերը կոչվում էին «նաուա»։ Երբ նրանք լքեցին իրենց քարանձավները, սկսեցին բնակվել Աստլանում։ Որոշ լեգենդներ ասում են, որ Աստլանը դրախտն էր երկրի վրա, որոշները պնդում են, որ այն դժոխքն էր։ Մեր օրերում համարվում է, որ հեքիաթային վայրը գտնվում է Կոլորադո գետից հյուսիս՝ Ֆլորիդայի մերձակայքում կամ Մեքսիկայում։
Էլդորադո
Էլդորադոն հաճախ անվանում են «Կորած ոսկե քաղաք»։ Չնայած քաղաքի գոյության մասին պատմող լեգենդները չափազանց հորինված են թվում, բայց շատ մարդիկ հավատում են դրա գոյությանը, և մինչև այժմ արշավախմբեր են ուղարկվում՝ փնտրելու այդ խորհրդավոր վայրը։ Նրանք, ովքեր հավատում են, որ կորած քաղաքը գոյություն ունի, վստահ են, որ այն գտնվում է Ամազոն գետի ավազանում։ Ամենահայտնի արշավախումբը դեպի Էլդորադո եղել է Ֆրանցիսկո դե Օրելյանի ղեկավարությամբ։ Նա առաջին եվրոպացին էր, ով նավարկեց Ամազոն գետի ամբողջ երկայնքով։ Նա իր որոնումները սկսեց հորեղբոր հետ։ Ինչպես հայտնի է՝ «Ոսկե քաղաքը» դեռևս հայտնաբերված չէ։
Լեմուրիա
Նախքան տեկտոնիկ սալիկների և շարժվող մայրցամաքների տեսությունը կընդունվեր ամբողջ աշխարհում, Լեմուրիան համարվում էր մայրցամաք, որը գտնվում էր Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։ Ենթադրվում էր, որ կորած երկիրը ջրի տակ էր անցել ինչ-որ անհասկանալի երկրաբանական պատճառներով։ Ժամանակակից գիտությունն ավելի շատ հակված է կարծելու, որ Լեմուրիայի մասին լեգենդները հորինվածք են, չնայած որ մինչև այժմ կան մարդիկ, որոնք համոզված են, որ Լեմուրիան գոյություն է ունեցել հին ժամանակներում։
Ատլանտիդա
Առաջին հիշատակումներն Ատլանդիդայի վերաբերյալ եղել են Պլատոնի երկխոսություններում, և մինչ այժմ այդ զարգացած քաղաքակրթության մասին լեգենդները չեն լքում աշխարհը։ Համաձայն Պլատոնի՝ Ատլանտիդան կղզու վրա գտնվող երկիր էր՝ շատ հզոր ռազմածովային ուժերով։ Ատլանտիդայի բնակիչները՝ ատլանտները, շատ տարածքներ էին գրավել արևմտյան Եվրոպայում և Աֆրիկայում ու նույնիսկ ցանկացել են գրավել Աթենքը, որը և միգուցե նրանց վերանալու պատճառն է դարձել։ Այսօր գոյություն ունեն մի քանի վարկածներ՝ ատլանտների կղզու գտնվելու վայրի վերաբերյալ։ Նրանցից մի քանիսի համաձայն՝ Ատլանտիդան գտնվել է Միջերկրական ծովում, մյուսները համոզված են, որ նրանք ապրել են Անտարկտիդայում, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում կամ Կարիբյան ծովի մերձակայքում։