Այնքան ապաշնորհ են բողոքի ակցիան իրենցով անել փորձող տարբեր ծախու ու մարգինալ կերպարները, որ նույնիսկ առանձնապես չեն էլ փորձում քողարկել իրենց գործողություններն ու գործում են ճիշտ և ճիշտ այն սցենարով, որը նկարագրում էին սկեպտիկները։
Օրինակ՝ այս գիշեր Բաղրամյանում մի խիստ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որը ֆիքսել են տեսախցիկները։ Կին ազատամարտիկ Սոսեն, ով նաև «Ոչ թալանին» թիմից էր, կոնֆլիկտ էր ունեցել Բաղրամյանում մնացած մի շարք կասկածելի դեմքերի հետ այն բանից հետո, երբ համարձակվել էր ասել այն, ինչ բոլորն են ասում, այն է՝ ոմանք փորձում են քաղաքականացնել ու դիվիդենտներ քաղել բողոքի այս ալիքից։
Տեսախցիկը ֆիքսել է այս կոնֆլիկտն այն պահից, երբ Սոսեին գրոհում են Անդրիաս Ղուկասյանի ակԾիվիստական ոհմակի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ, ու պարզ երևում է, թե ինչպես են Կարեն Հարությունյանը (1) և Վահե Գևորգյանը (2) մի շարք այլ ընկերների հետ բացահայտ հոգեբանական ճնշում գործադրում ազատամարտիկ կնոջ վրա՝ վիրավորելով, բարձր տոնով խոսելով ու ստի մեջ մեղադրելով Սոսեին։
Այնուհետև ասպարեզ է մտնում ինչ-որ լրիվ անծանոթ մեկը (3), որին այս ընթացքում չէինք էլ տեսել ու էլ ավելի մեծ ագրեսիայով է արտահայտվում։ Հավանաբար սա էլ Սեֆիլյանի ճամբարից էր։
Ու որ ամենաամոթն էր՝ այս Սոսեի ուղղությամբ սկսեցին սուլել ու մի քանի հատ իրենց պես պրովոկատորների վիրավորական վանկարկումների միջոցով վռնդեցին նրան այնտեղից։
Ճիշտ նույն կերպ էին վարվում արդեն բևեռացված ու ծայրահեղականացված Մայդանում այլակարծության ցանկացած նշույլի հետ և նույնիսկ տերմին էին մոգոնել՝ «Տիտուշկա», որով նկարագրում էին իբր իշխանական սադրիչներին, իսկ գործնականում՝ ցանկացածին, ով կհամարձակվեր դեմ արտահայտվել Մայդանի վերնախավի դրույթներին։ Հիմա նույն պրոցեսները մենք տեսնում ենք Բաղրամյանի վրա, ու դա ամենևին զարմանալի չէ, որ վհուկների որսը սկսել են հենց անդրիասականները, ովքեր գրեթե բոլորն էլ վերապատրաստում են անցել նույն Մայդանում, ինչպես գրել էի երեկ ու կարծում եմ, որ այս պրոցեսները միայն ավելի են հաճախակիանալու, քանի դեռ սրանք են առաջին դերերում։
Ինչևէ, շատ տխուր է, որ այն մեծ դրական էներգիայով շարժումը, որը հիացնում էր բոլորիս, այսօր մի շարք ճղճիմների ձեռքերով վեր է ածվում մի ճահճի, որտեղ ամեն մի ոչնչություն կարող է գոռալ, մատ թափ տալ ու վիրավորել կնոջը, այն էլ՝ ազատամարտիկ կնոջը։