Շատ հետաքրքիր տեսարան է իրենից ներկայացնում ՖԲ հայկական հատվածն այս օրերին: Նախաձեռնող խմբեր, սադրիչներ, ֆեյքեր, պարզապես հիմարներ և իհարկե նոր կլիմսամգինյան (Մ.Գորկու վեպ) փողոցային լիդերներ, որոնց անցյալի, նպատակների մասին հանրությունը բան չգիտի, բայց հիասթափված կամ հոգնած հներից պատրաստ է ընդունել որպես «առաքյալների» և «փրկիչների»: Համակրելով պայքարի ելած իմ համաքաղաքացիներին՝ մի բան եմ ուզում ասել նրանց, ովքեր երեկ լիդեր էին, այսօր` ոչ: Ես չգիտեմ ձեր մասին ոչինչ, իհարկե միանշանակ ողջունում և սատարում եմ այն պայքարը, որին դուք հավատարմություն էիք խոստովանում: Ճիշտ է՞ր գնալը Օպերայի հրապարակ, թե՞ սխալ, դրա մասին էլ չեմ խոսում, յուրաքանչյուրի որոշելիքն է. հեռու եմ բարոյախոսությունից կամ կեղծ քաղաքական մարգարե լինելուց: Կյանքում միշտ կան պարզ ու անհերքելի ճշմարտություններ. նավապետը երբեք չի լքում իր նավը, իսկ խորտակվելուց նավից իջնում է վերջինը: Հակառակը չի լինում, տարբերակներ չեն լինում, դա պարզապես այդպես է: Խախտում ես այդ կանոնը, անկախ պատճառներից, էլ երբեք նավապետ չես դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել