Երեկ՝ մինչև գիշերվա ժամը երեքը, մերթ Բաղրամյան պողոտայում էի, մերթ Ազատության հրապարակում: Անսահման հետաքրքրություն էր առաջացրել իրավիճակը, որը ձևավորվել էր այս երկու «հարթակում», և որոնցից յուրաքանչյուրը փորձում էր արդարացնել սեփական քայլը, փորձում էր համոզել իր իրավացիությունը: Բաղրամյան պողոտայում ոմանք դավաճաններ էին կոչում շարժման նախաձեռնողներին՝ չունենալով դրա բարոյական իրավունքը, իսկ Ազատության հրապարակում ամեն կերպ արդարացնում էին «հետ քաշվելու» ջանքերը՝ այդ ամենը բացատրելով ջարդերի ու արյունահեղության վտանգներով… Մշտապես ջատագովելով շարժման նախաձեռնողներին, հիացմունքս արտահայտելով նրանց հանդեպ, նրանց գլխավոր ձեռքբերումը հանրության արթնացումը համարելով, այնուհանդերձ, կարող էի անզեն աչքով էլ նկատել, որ շարժման ներսում տեղի է ունեցել մի տարօրինակ բան, որը բնավ էլ պայմանավորված չէր Բաղրամյան պողոտայից հեռանալու նպատակներով: Անտարակույս, «Ոչ թալանին» շարժումն իսկապես արձանագրել է իր կարևոր ձեռքբերումը, որը նաև ժողովրդինն է, և պարտադրել իշխանությանը հետայսու կարևորել ժողովրդի ձայնն ու կամքը և ձգտել ձևավորել իշխանություն-ժողովուրդ փոխադարձ կապը: Ավելին, շարժումը պարտադրեց երկրի նախագահին անել մի խոստովանություն, որն արդեն խոսում է երկրում նոր իրավիճակի ձևավորման և ՀՀԿ սխալները բարձրաձայնելու մասին: «Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք»: Երկրի նախագահն առաջին անգամ խոստովանեց, որ կա անվստահության մթնոլորտ, իսկ այն գոյացել է հենց իշխող ուժի գործունեության պատճառով: Այլ դրսևորումների մասին ևս կարելիէ խոսել, ներկայացնել այս շարժման դրական կողմերը և, ամենագլխավորը. հայաստանյան հանրությունը ահսկացավ, որ կան ուժեր, որոնք կարող են բոլորին դուրս բերել թմբիրից, ապատիայից, որ իշխանության միջնաբերդն այնքան էլ անառիկ չէ, ինչպես կարծում էին…
Բայց Ազատության հրապարակը փոքր-ինչ պարտվողականություն և ընդգծված զգուշավորություն ուներ իր մեջ, ինչն էլ հուշում էր, որ, այնուհանդերձ, գործի են դրվել որոշակի սցենարներ, որոնց հիմքում պառակտման սերմանումն է: Չշտապենք եզրակացություններ անել և գնահատականներ հնչեցնել, մանավանդ որ շարժումը շարունակվում է, սակայն նշենք, որ ինչ-որ մեկը շատ լավ աշխատել էր պառակտումներին ճանապարհ տալու համար: Արդյո՞ք պառակտումն իրենց հետ բերեցին «Հիմնադիր խորհրդարանն» ու որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք արդեն քաղաքական կոչեր ու մեղադրանքներ էին հնչեցնում շարժման նախաձեռնողների հասցեին, թե՞ նրանց քայլերը ճարահայտյալ էին, իրավիճակը փրկելուն ուղղված, երբ տեսան, թե ինչպես են «Ոչ թալանի» տղաները հեռանում Բաղրամյան պողոտայից: Ծայրահեղացված էին, անշուշտ, տղաներին տրվող գնահատականները, բայց նաև արդարացված չէին Բաղրամյանը Ազատության հրապարակին հակադրելու ջանքերը, այն հետագա քայլերը, որոնք առաջարկվեցին. այն է, շարունակել նստացույցը: Ակնհայտ էր, որ Վաղինակ Շուշանյանի և մյուսների մոտ առկա են անկումայնությունը, նահանջի տրամադրությունները:
Ուրեմն, ինչ է տեղի ունեցել, ինչ «հուշումներ», գուցեև պարտադրանքներ են եղել: Դեռ չխոսենք այդ ամենի մասին: Միայն շեշտենք մի կարևոր հանգամանք. Շարժման պառակտումը ձեռնտու է իշխանություններին, որոնք հետայսու կտոնեն իրենց հաղթանակը և ինքնավստահ կլինեն այն հարցում, որ ամեն ինչ կառավարելի է իրենց կողմից, որ կարող են ցանկացածընդվզում առաջ մղել իրենց ձեռնտու տարբերակներով: Պետք է, հետևաբար, հունիսի 28-ը դիտարկել ոչ թե ջրբաժանի օր, այլ ընդամենը դադար՝ համախմբվելու և նոր ծրագրով հանդես գալու համար…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/668149876622807?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել