Մեզ շատ բան հարկավոր չէ: Մեզ հարկավոր չեն շքեղություններ` դղյակներ, շքեղ մեքենաներ, ծփացող սեղաններ, ոսկեզոծ հագուստներ: Այս պերճանքների պակասը չէ, որ ստիպում է մեզ հեռանալ երկրից, որ ստիպում է մեզ երջանկություն որոնել օտարության մեջ ու կարոտից տառապել:

Մեզ ընդհամենը հարկավոր է կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք ստեղծելու, երեխա մեծացնելու հնարավորություն: Սակայն գնալով ավելի ու ավելի հաճախ մենք տեսնում ենք, որ նույնիսկ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են հեռանում երկրից` գնալով դեպի անորոշություն:
Զարմանալ պետք չէ: Իրականում անգամ այս նվազագույն պայմանների ապահովումը չի կարող զսպել երկրից հեռանալու ցանկությունը, քանի որ Հայաստանում հասարակ քաղաքացին չունի երաշխիքներ, չունի արդարության զգացում, չունի պաշտպանված իրավունքներ: 

Վախը վաղվա օրվա հանդեպ առաջացնում են ոչ թե նյութական բարիքների բացակայությունը, այլ քաղաքացիների նկատմամբ ոտնձգությունների անպատժելիությունը, որոնք Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ցավոք, բազմաթիվ են: Նրանցից ամենաողբերգականը մարտի 1-ի սպանդն է: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում երբևէ կվերականգնվի արդարությունը, եթե մարդասպանության իրական կազմակերպիչներն ու իրագործողները շարունակեն զբոսնել Երևանի փողոցներով, իսկ օրինականության համար պայքարողները հայտնվեն ճաղերի ետևում:

Երկիրը կործանման հասցրած արտագաղթը կասեցնելու համար հարկավոր է մարդկանց տալ երաշխիքներ, իսկ դա տալու համար հարկավոր է պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին տարիներ շարունակ հալածող, թալանող, բանտարկող, գնդակահարող հանցագործներին` բացառելով մարտիմեկերը: Այսպիսով, օրինականության և արդարության վերականգնման ճանապարհին կանգնած միակ խոչընդոտը Սերժ Սարգսյանի ղեկավարած հանցախումբն է:
Ուստի` այսօր Հայաստանում կա գերխնդիր. ազատվել սերժսարգսյանական ռեժիմից, ինչի ռեալ, անցավ, առանց ցնցումների տարբերակը հնարավոր է Հայ ազգային կոնգրեսի «Անսերժ Հայաստան» կարգախոսին ԲՀԿ-ի միանալու պարագայում:

Պահպանեք սառը դատողությունը, եղեք զուսպ և ինքնավստահ...

Արեգ Գևորգյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել