ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը |
Օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթները կարգավորվում և կանխորոշվում են բնության օրենքներով, և բոլոր օրգանիզմները անցնում են սեռական զարգացման փուլը:
Սեռական հասունացման տարիքում արձանագրվում է սեռական ցանկության աճ, ինչը պայմանավորված է սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ և սեռական գեղձերի գործուենության ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ:
Սեռապես առողջ տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ. եթե նա զրկված է այդ հնարավորությունից, ապա ունենում է ֆրուստրացիայի զգացողություն: Ավելին՝ եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտացոլվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին:
Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ սեռական հասունացման ընթացքում, սակայն լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է: Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են քողարկում սեռական դրսևորումները, քան տղաները: Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը՝ դանդաղորեն աճում է և հասնում է իր գագաթնակետին 30-40 տարեկան հասակում:
Այսինքն՝ մի կողմից ֆիզիոլոգիական, բնական հորմոնալ պոռթկումները մղում են երիտասարդին սեռական ակտիվության, մյուս կողմից՝ հասարակական բարոյական նորմերը, սոցիալական դեռևս չհաստատված ստատուսը, կրոնական համոզմունքները և ավանդույթները արգելում են: Աղջիկների և տղաների միջև զուգընկերային մտերմիկ փոխհարաբերությունները, երբ հնարավոր չէ կամ արգելված է սեռական կյանքը, ինչպես նաև տևական էրոտիկ սիրախաղը և գրգռվածությունը, որը չի ավարտվում օրգազմով, կարող է առաջ բերել կոնքի խոռոչի օրգաններում վազոկոնգեստիա (երակային արյան կանգ), ինչը կարող է պատճառ հանդիսանալ հետագայում սեռական օրգաններում կանգային և բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Սա հանգեցնում է հոգեբանական բացասական երևույթների ևս. զույգերը (հատկապես աղջիկները) ընկալում են և իրենց գիտակցման մեջ ամրապնդվում է, որ սեռական կյանքը սահմանափակվում է միայն համբույրներով և էրոտիկ քնքշանքներով: Ուստի արդեն ամուսնական սեռական կյանքում ունենում են տարբեր սեքսոլոգիական խնդիրներ՝պայմանավորված իրենց սպասումների և ռեալ իրականության հակասությամբ:
Բոլոր այն դեպքերում, երբ անհատը ունենում է տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն)` պայմանավորված տարբեր գործոններով կամ կրոնական համոզմունքներից ելնելով, սկզբնական էտապում անհատի մոտ արձանագրվում են խիստ արտահայտված լիբիդոյի բարձրացում, սեռական օրգանների շրջանում ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն, նյարդայիn համակարգի գերզգայնություն, նևրոտիզացիա: Այնուհետև եթե սեռական ձեռնպահությունը շարունակվում է, երկրորդ էտապում սկսում է գործել օրգանիզմի արգելակող մեխանիզմը՝ որոշակիորեն արգելակվում է սեռական հորմոնների սինթեզը, կտրուկ իջնում է սեռական ցանկությունը. օրգանիզմը երբեք չի արտադրում որևէ բան, որը պետք չէ:
Եվ այս հարատև կարգավորող մեխանիզմները գործում են ամբողջ կյանքի ընթացքում` ապահովելով սեռական համակարգին տրված երկու գործառույթների իրականացումը՝ ռեկրեատիվ (սեռական հաճույքի ապահովումը) և պրոկրեատիվ (սերնդի շարունակման) ֆունկցիաները: Իհարկե, այլ հարց է, թե ով, ինչպես և երբ է օգտագործում բնության կողմից տրված այդ պարգևը: