Բաղրամյան պողոտայում կրքերի և դեպքերի զարգացումները հասան իրենց գագաթնակետին: Նախաձեռնող խումբը, որն ուներ մեծ թվով հետևորդներ, այդ թվում նաև վիրտուալ, կորցրեց իր իրական բանականությունը և գաղափարախոսությունը:
Կասկած չկա, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի մեխանիկական շարժիչը երիտասարդներն են: Հենց նրանք էին բազմությանը ոգեկոչում, միաժամանակ զերծ պահում բախումներից ու սադրանքներից: Սակայն նախօրեին ակցիան նախաձեռնողները որոշեցին պայքարը շարունակել Ազատության հրապարակում, նրանց գործողություններին հետևեց բաղրամյանական զանգվածի մոտ տասը տոկոսը` դրանով բացահայտելով պողոտայում հայտնվելու իրենց բուն նպատակը:
Մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում տեղակայված զանգվածը ոչ այլ ինչ է, քան անկառավարելի ամբոխ, որը, սադրանքի ենթարկվելով ամենատարբեր քաղաքական հոսանքների և արկածախնդիր կուսակցապետերի կողմից, ամենատարբեր ծայրահեղական և սեպարատ հայտարարություններով է հանդես գալիս:
Փաստենք մի բան. ցանկացած դեմոկրատական հասարակության հիմնական լոկոմոտիվը ժողովուրդն է, և շատ կարևոր է, որ այդ ժողովուրդն ուղղորդված լինի ոչ թե ինչ-որ տարբեր արժեհամակարգեր սպասարկող լոբբիստական խմբերի և ծախու գրանտակերների կողմից, այլ պետականակենտրոն և պետության անվտանգությունը գնահատող ու սթափ դատող քաղաքացիների: