Սկզբում հավաքի նպատակը պարզ էր՝ փակել Բաղրամյանն այնքան ժամանակ, մինչև էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ կհայտարարվի։ Չկար որպես այդպիսին առաջնորդ, այստեղ ամեն մարդ ինքն էր իր առաջնորդը, քանի որ հավաքվել էինք մի նպատակի համար: Բայց հավաքի ընթացքում աստիճանաբար սկսեցին շատ բաներ փոխվել ու սա վստահ եմ «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից մի որոշում էր, որը բացի հավաքի հիմնական գաղափարը հաշվարկել էր նաև սպասվելիք անցանկալի հնարավոր բոլոր հետևանքները ու առաջին տեղում դասել ժողովրդի անվտանգությունը, քանի որ քիչ չեն էլեկտրաէներգիայի թանկացման հարցը քաղաքական դարձնելու ցանկություն ունեցողները, որոնք ամեն կերպ ուզում են այս հարցին քաղաքական աստառ տալ` օգտագործելով հավաքի իրական գաղափարը որպես իրենց նպատակների իրականացման ուղի:
Կասկածում եմ, որ կլինեն նաև սադրիչներ, ովքեր անտեսելով շարժման հիմնական կազմակերպիչներին ու հավաքի նպատակը կցանկանան, որ ժողովուրդը իր ձեռքը վերցնի հեղափոխության գործընթացը: Չմտածելով, որ շարունակությունը լինելու է ոստիկանության կողմից կրկնակի բիրտ ուժի կիրառման սպառնալիքն իր անցանկալի հետևանքներով: Իսկ ո՞վ է դրանից տուժելու՝ միայն ժողովուրդը, մարդիկ, ովքեր դուրս էն եկել մի նպատակով՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու: Պետք է մի բան հասկանանք, այն մարդիկ, ովքեր իրոք մտածում են ժողովրդի մասին, չեն ցանկանա օգտագործել այս հավաքը որպես անձնական ցանկությունների իրականացման ուղի՝ փոխարենը, եթե իրոք կան մարդիկ, ովքեր ունեն որևէ անելիք ժողովրդի վիճակը բարելավելու ուղղությամբ ապահովելով երկրին կայունություն, իսկ ժողովրդին արժանապատիվ կյանք, թող հայտարարեն այդ մասին, ընտրեն պայքարի ուղի ու տեղափոխեն այդ ամենը մասնագիտական դաշտ` ժողովրդին ապացուցելով, որ ամեն ինչ դեռ առջևում է: Այս դեպքում, չեմ կարծում, որ ժողովուրդը դեմ կլինի համախմբվել ու պայքարել հանուն արդար ու ապահով կյանքի: Իսկ եթե չկա նման մեկը ուրեմն մի կողմ քաշվեք ու ժողովրդին մի շեղեք ու հանգիստ թողեք, քանի որ այս հավաքը լավ օրինակ է իր տեսակով բոլորիս համար՝ խաղաղ, ազնիվ, հանգիստ, ուրախ և ամենակարևորը առանց զոհերի, հանուն ընդհանուր գաղափարի, ինչը համախմբել է բոլորիս: Ի վերջո մեծ հաշվով մարդիկ արեցին այն, ինչի համար հավաքվել են, իսկ մնացած քայլերը կորոշեն նույն ճանապարհով: