Hartak.am-ը գրում է.
Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցը հետ վերադարձնելու նպատակով Ստամբուլում հունիսի 26-ին քայլերթ է իրականացվել, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Ստամբուլի Թունել հրապարակում հավաքվածները քայլել են դեպի Գալաթասարայի ուսումնարան: «Նոր Զարթոնք և Քամփ Արմեն դիմադրության» անդամներն իրենց ձեռքերում պահել են պաստառ, որի վրա գրված է եղել. «Հե~յ, մարդկություն, բողոք ունեմ, մեզ նետել են մեր իսկ ստեղծած քաղաքակրթությունից»: Մասնակիցները տարբեր կոչեր են բղավել, ինչպես, օրինակ, «Սա դեռ սկիզբն է», «Պայքարը շարունակվում է», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:
Քայլերթից հետո ելույթով է հանդես եկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Ստամբուլից ընտրված պատգամավոր Գարո Պայլանը, ով հայտնել է, որ պայքարը հայկական որբանոցի վերադարձի համար շարունակվելու է: