Ինչքան էլ խոսվի այն մասին, որ մեր փառահեղ երիտասարդության այս օրերի պայքարը չպիտի քաղաքականացվի, որ այն զուտ քաղաքացիական է և այլն, բոլոր դեպքերում ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան աչքաթող է արվում, և հենց դա է երևի քաղաքացիական պայքարի և քաղաքական պայքարի տարբերությունը: Ի՞նչ խոսք, վատ է, երբ այսօր ՀՀ իրականությունում չկա փոխադարձ վստահություն քաղաքական դաշտի և քաղաքացիական հասարակության միջև, ասել է՝ կա ճգնաժամ այդ մասով, և շատ վատ է, ու հենց դրա դառը պտուղներից միայն մեկն էլ ՀԷՑ-ի չարաբաստիկ հայտի թեկուզ մասնակի բավարարումն է իբր անկախ հանձնաժողովի կողմից: Նույն ինքը՝ սակագնային այս շարունակական բարձրացումները թեկուզ միայն էլեկտրաէներգիայի մասով, մի դրվագն են այն մեծ քաղաքականության, որն անվանվում է հենց սոցիալական քաղաքականություն: Իսկ ավելի խորը, ՀՀ քաղաքացիների պայքարն այս փուլում պայքար է ոչ միայն հենց այս 7 դրամի համար, այլև պայքարի բաղադրիչ է նաև սոցիալական արդարության գործոնը: Ասել է, որ թեկուզ միայն «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» կարգախոսը դեռ չի նշանակում, որ թալան կա միայն ՀԷՑ-ում, և նույն կարգախոսն ընկալելի և ընդունելի կլինի նաև բոլոր ոլորտներում տիրող կացության համար, որտեղ, ինչ խոսք, թալանի գործոնն ավելի քան ակնհայտ է և տեսանելի: Պարզ է, որ նկատելի է նաև քաղաքականության մասը նաև իրավական հարթությունում, արդարադատության համակարգում և այսպես շարունակ... Նման ԹԱԼԱՆԻ երևույթները տարբեր ոլորտներում են, նրանք հարյուրավոր են, հազարավոր, տասնյակ հազարավոր, իսկ նման երևույթները նվազագույնի հասցնելու և բացառելու գործընթացը կնշանակի ուղղակի փոխել վարվող ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ գրեթե բոլոր ոլորտներում, որն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ կա հենց քաղաքականի բաղադրիչը, և այն ամենուր է, իսկ ոչ մասնակի, ավելի ընդգրկուն՝ ասել է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ լուծումների հասնելու ճանապարհը հենց նույն քաղաքացիական գործոնի վերաճումն է քաղաքականի, որը բացարձակ չի նշանակում եղած քաղաքական կուսակցություններից որևէ մեկի կողմից ղեկավար դերի ստանձնում, որն արդարացիորեն չեն էլ ուզում շատերը:
Պարզ է, որ այս ձևաչափով պայքարը չքաղաքականացնելու ցանկությունը և շարժառիթներն ընդունելի են և հասկանալի, իսկ այն, որ պայքարի թիրախի հենց թեկուզ այս սակագնային գործոնն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչն է այն ընդհանուր ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, որը վարում է իշխող քաղաքական համակարգը, ավելի քան ակնհայտ է, որն էլ ոչ այլ ինչ է, քան հենց ՔԱՂԱՔԱԿԱՆ գործոն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/840239642733899?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել