Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Նախ՝ կարծես շատ արտասահմանյան երկրների ուշադրությունը շեղվել է դեպի Բաղրամյան պողոտա: Շատերն են փորձում յուրովի մեկնաբանել բողոքի ցույցերը: Բայց դե բոլորի միահամուռ ջանքերով շարժման գաղափարի խեղաթյուրման ու սեփական տեսանկյունով ներկայացնելու բոլոր փորձերը պսակվեցին անհաջողությամբ: Վերջին մի քանի օրերի ընթացքում ռուսական մամուլի վայրահաչումներին շատ ճիշտ և նպատակային պատասխանները կարծես սթափեցրեցին մի փոքր ռուսներին: Ուկրաինական սադրանքները նույնպես իրենց նպատակին չեն հասնում: Արտասահմանյան մեդիա ոլորտի ներկայացուցիչներին դեռ մի տեղ կարելի է հասկանալ, նրանք կատարում են կոնկրետ շրջանակների պատվերներ: Բայց ամենաուշագրավն այն է, որ ներհայաստանյան շատ ընդդիմադիր ուժեր այս շարժման ջանքերով հայտնվեցին լուսանցքում և որևէ ռեսուրս ու հնարավորություն չունեն ազդելու ցույցի ընթացքի վրա: Սա, թերևս, կարելի է համարել Բաղրամյանում հավաքված մարդկանց ամենադրական ձեռքբերումներից մեկը: Որովհետև ցուցարարները հստակ գիտեն, թե ինչ նպատակի համար են հավաքվում և, կարելի է ասել, հարվածում են ուղիղ թիրախին: Մարդիկ արդեն հասկացան, որ հին ու նավթալինային դեմքերը կա՛մ ունակ չեն փոխել որևէ բան, կա՛մ էլ առաջնորդվում են իրենց շահերով: Բողոքի ցույցերին չեն իշխում տարբեր կուսակցություններ՝ նրանք այնտեղ պարզապես չկան, և հենց դա է այս ցույցի առանձնահատկությունն ու հաջողության գրավականը: Իսկ թե ինչ զայրույթ է դա առաջացնում նույն նավթալինային դեմքերի ու նրանց երիտկուսակցականների շրջանում, կարելի է հասկանալ՝ թեկուզ նրանց ֆեյսբուքյան հուսահատ ստատուսներին հետևելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել