էլեկտրաէներգիայի թանկացման հարցի վերաբերյալ երկրրի ղեկավարների անտարբերությունը, եթե այսպես երկար շարունակվի, ի վերջո կբերի նրան, որ մարդիկ կսկսեն արդեն հայտնել իրենց դժգոհությունները մնացած խնդիրների վերաբերյալ, չէ՞ որ դրանք էլ քիչ չեն՝ ակամայից վերածելով այս ամենը քաղաքական խնդրի: Չէ՞ որ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծումը ևս քաղաքական դաշտի խնդիր է, բայց, ցավոք, ղեկավարությունը ոչ մի խելամիտ լուծում չի կարողանում առաջարկել ժողովրդին ներկայիս վիճակը կարգավորելու համար՝ բացառությամբ նրա, որ ժողովուրդը պետք է վճարի կուտակած պարտքերն անկախ նրանից՝ ի վիճակի է վճարելու, թե՝ ոչ: Երկրի վիճակը նախանձելի չէ իսկ ժողովուրդն օր օրի ավելի է լցվում պայքարելը շարունակելու տրամադրվածությամբ՝ չմոռանալով, թե ովքեր են իրենց հասցրել էս վիճակին: Ժողովրդի տրամադրվածությունն անփոփոխ է նույնիսկ երեկվա կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու նպատակով բերված փաստարկներից ու սոցիալապես անապահով խավին աջակցելու նախագծի ծիծաղելի առաջարկներից հետո: Մի՞թե դժվար էր հասկանալ, որ այսօր հավաքվածներից ինչ-որ մեկը դժվար դրանք լուրջ ընդուներ ու բավարարվեր դրանով: Ժողովուրդն այսօր արդեն պայքարում է ու խոստանում է պայքարել մինչև վերջ, իսկ վերջն ավելի լուրջ է լինելու:
Հասկացեք ի վերջո, որ այս հավաքները ծառայում են որպես նախազգուշացում՝ ցույց տալով, թե որ օրինակներից խուսափեք: Ի ուրախություն բոլորիս՝ հավաքվածներից շատերը դեռ տեսնում են իրենց ապագան Հայաստանում ու մտածում դրա մասին՝ լցվելով դրական լավատեսության զգացումներով: Մի՛ կտրեք մարդկանց մեջ լավի հանդեպ ունեցած վերջին հույսը, քանի որ ժողովրդի մեծամասնության համար այսօր սեփական հողում ապրելն այնքան է դժվարացել, որ շատերն ապրելու կռիվ են տալիս:
Միգուցե կարծում եք՝ ժամանակի ընթացքում մարդիկ հոգնո՞ւմ են, հավաքվածները ևս կհոգնեն, բայց սա էդ դեպքը չի: Մարդիկ այսօր դուրս են եկել, քանի որ ցանկանում են մեծանալ իրենց հողում ու մեծացնել իրենց սեփական երեխաներին՝ համաձայն այն օրինակի, որը ճիշտ է, այլ ոչ թե այն օրինակի, որը կործանում է մարդկանց: Նրանք վստահ են, որ նրանց երջանկությունը և գալիք սերունդների երջանկությունը կախված է այսօրվա թելադրած չափանիշներով ապրելուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել