Առավոտյան մի հայտնի խանութում առևտուր եմ անում հաց-հրուշակեղենի բաժնում: Սպասում եմ, մինչև իմ առջև կանգնած կինը ավարտի իր առևտուրը: 70-ը վաղուց անցել է – հագնված է շատ նուրբ ու խնամքով. ժակետը ծաղկազարդ է, գեղեցիկ ու գունատ նրբագծերով, թանկ ու արժանապատիվ հնաոճություն ունի… Ձեռքերը ժակետի եզրագծի տակից դուրս են եկել ազնիվ խոնջությամբ – մաշկը սպիտակ է ու չոր, մատները բարակ են ու խնայված, եղունգների ներկը զարմացնում է վառ կարմրությամբ… Եվ անմիջապես տեսնում եմ այդ վարքի բացատրությունը – շուրթերը ներկված էին ճիշտ նույն գույնի շրթներկով. վերին շրթունքին երկու վառ շերտ միանում էին իրար` մի սրտաձև ուրվագիծ ստեղծելով – և այնքան մաքուր ու ճշգրիտ էին գծերը, որ ասում են` տիրուհին բնավ չի շտապել և հայելու առջև տեսել է իր անխամրելի հմայքը…
Կինը թխվածքներ է ընտրում – և դա անում է խաղաղ հանգստությամբ ու անշտապ… «Փախլավան ի՞նչ արժե…»- հարցնում է: Գնդլիկ, թխահեր վաճառողուհին, որ սովոր է արագ աշխատելուն, ձայնի մեջ` մի քիչ թաքնված նեղսրտություն, պատասխանում է` 350 դրամ… «Իսկ քաշով փախլավա՞ն քանիս է…»: «Կիլոն` 3500», – ասում է գնդլիկը և համառ աչքերը հառում իմ հերոսուհուն… «Լավ, մի քանի կտոր դրանից տուր…»: Ապա կինը հատիկ-հատիկ ընտրում է ևս մի քանի կտոր թխվածք, մինչև որ տուփի տարածքը լրիվ լցվում է: «Ի՞նչ բռնեց…»,- հարցնում է, վաճառողուհին մի կլորիկ գումար է ասում… Այստեղ իմ լսողությունը մի քիչ դիսոնանսի մեջ է մտնում այս «բռնեց»-ի հետ – այսպես ասում էին 60-ականների հայ քաղքենիները, մինչդեռ իմ հերոսուհին ոնց որ արիստոկրատուհի պիտի լինի…
Կինը հեռանում է: Վառ ներկած շրթունքները տանում են կորուսյալ գեղեցկության պատմությունը: Եվ չգիտեմ` ո՞ւմ համար էր տանում թխվածքները… Գուցե միայն թոռնիկների: Առողջագիտական բնազդս խռովվում է – ա՜խ, այդ թխվածքները, «բարեկեցիկ» կյանքի այդ արհեստական ու վտանգավոր զարդարանքները… Բայց հերոսուհիս արդեն հեռու է, ես նրա հետևից ուղարկում եմ իմ չասված ուղերձը… Թումանյան փողոցի մադամ Բովարին դուրս է գալիս խանութից` դեպի ոչ-առևտրային ազատություն… Իսկ ես – Թումանյան փողոցի Ֆլոբերս – թխահեր վաճառողուհուց խնդրում եմ կշռել 3 կիլոգրամ շաքարավազ` Առողջագետիս «Խնձորի կոմպոտ» ծրագիրն իրականացնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3451858235715
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել