Երևանից եկող մեսիջները վերջապես հասան Ռուսաստանի բարձրադաս իշխանությանն ու մեդիա գիգանտներին։ Այս մասին վկայում են երկու իրադարձություն։ Նախ, այն բանից հետո, երբ երեկ լուր տարածվեց, որ աշխատանքից ազատվել են НТВ-ի լրագրողն ու օպերատորն այն բանի համար, որ նրանց ուղիղ միացման պահին կադրում հայտնվել են ռուսական ԶԼՄ-ները հայհոյող պաստառներով ցուցարարներ, հայկական մեդիա դաշտում մեծ աղմուկ բարձրացավ, և շատ մարդիկ դժգոհում էին այդ անարդարության դեմ։ Արդյունքում արդեն ժամեր անց հեռուստաալիքը հայտարարություն տարածեց, թե իբր լրագրողին ու օպերատորին ոչ ոք չի ազատել աշխատանքից, պարզապես նրանց խիստ հանդիմանել են։ Սա վկայում է նրա մասին, որ հեռուստաալիքում լուրջ են սկսել վերաբերվել Հայաստանում իշխող տրամադրություններին, ինչպես նաև մեր մեդիա արձագանքի պոտենցիալին։
Առավել կարևոր, բայց քիչ ավելի աննկատ իրադարձություն էլ է տեղ գտել։ Արձագանքելով հայաստանյան զարգացումներին՝ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Կառասյովը կոչ է արել ռուսական ԶԼՄ-ներին զուսպ լինել իրենց գնահատականներում ու չշտապել Մայդան գտնել Հայաստանում։ Սա խիստ կարևոր ազդակ է, որը վկայում է, որ Հայյաստանում բարձրացած բողոքի ալիքն՝ ընդդեմ ռուսական ԶԼՄ-ների գործելաոճի, այնուամենայնիվ, հասել է գլխավոր հասցեատերերին՝ ՌԴ քաղաքական վերնախավին, ու այժմ պաշտոնական մակարդակով միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բալանսավորեն իրենց քարոզչամեքենայի գործունեությունը հայկական ճակատում, որպեսզի դրանք դադարեն հավելյալ գրգռիչի ու նյարդայնացնող գործոնի դեր խաղալ ստեղծված իրավիճակում։
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է նրա մասին, որ մենք հզոր ենք, երբ միասին ենք ու գործում ենք միահամուռ, և անհրաժեշտ է պահպանել այս միասնականությունն ու դրական էներգիան, և անպայման կհասնենք մեր ուզածին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1679982692232284&id=100006617070037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել